Վարչապետն աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշը կապում է նաև առողջության ապահովագրության ներդրման հետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանում հոկտեմբերին գրանցված աշխատատեղերի թիվը հասել է ռեկորդային՝ 849 հազար 741-ի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում։
Նիկոլ Փաշինյանն այս աճը զգալի մասով կապում է առողջության ապահովագրության համակարգի ներդրման և դրա շրջանակն ընդլայնելու որոշումների հետ։
«Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ։ Արձանագրվել է 849 հազար 741 գրանցված աշխատատեղ, որը 39 հազար 667-ով ավելի է 2025 թվականի հոկտեմբերին արձանագրված աշխատատեղերից և 312 հազար 997-ով ավելի է 2017 թվականին արձանագրված աշխատատեղերից»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ ցուցանիշի աճը որոշ առումով կանխատեսելի էր՝ հաշվի առնելով առողջության ապահովագրության համակարգում աշխատողների ընդգրկման պայմանները։
«Իհարկե, ինչ-որ առումով սա կանխատեսելի էր, և առնվազն մի բավականին ծանրակշիռ մասով ես այս դինամիկան կապում եմ առողջության ապահովագրության ներդրման հետ և նաև այն որոշումների հետ, որ մենք կայացրել ենք։ Մասնավորապես, արդեն իսկ օրենքն ընդունվել է․ մինչև 200 հազար աշխատավարձ ստացող աշխատողները նույնպես ընդգրկվում են առողջության ապահովագրության համակարգում 2027 թվականի հունվարի 1-ից»,– ասել է Կառավարության ղեկավարը։
Փաշինյանի խոսքով՝ այդպիսով առողջության ապահովագրությունը տարածվելու է գրանցված վարձու աշխատողների ամբողջ շրջանակի վրա։