Տնտեսություն

Վարչապետը կարևորում է գյուղատնտեսությամբ զբաղվողների  կենսաթոշակային ստաժի հարցի կարգավորումը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորում է գյուղատնտեսությամբ զբաղվողների  կենսաթոշակային ստաժի հարցի կարգավորումը

Գյուղատնտեսությամբ զբաղված քաղաքացիների կենսաթոշակային ստաժի ձևավորման համար անհրաժեշտ է ստեղծել առավել մատչելի և կիրառելի մեխանիզմներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին անդրադարձել է Կառավարության նոյեմբերի 26-ի նիստում։

Վարչապետը նշել է, որ գյուղացիական տնտեսություններում զբաղված քաղաքացիների կենսաթոշակային ապահովման հարցի լուծման վերաբերյալ նախկինում պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Հիշո՞ւմ եք՝ պայմանավորվել ենք, որ իրենց կենսաթոշակային ապահովման հետ կապված, ինչպես մեր ժողովրդի շրջանում ընդունված է ասել՝ ստաժի հետ կապված հարցը պետք է լուծենք։ Բայց այս ընթացքում մենք քաղաքացիներին նաև պետք է ակտիվ ներկայացնենք, թե ստաժն ինչ է։ Ստաժը եկամտային հարկի վճարում է։ Այդ հնարավորությունն այսօր էլ կա, սկզբունքորեն, բայց մենք պետք է դա ավելի մատչելի և ինստիտուցիոնալ դարձնենք»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ կարգավորումները պետք է քաղաքացիներին հնարավորություն տան կառավարելու իրենց կենսաթոշակային ստաժի ձևավորմանն առնչվող հարաբերությունները։

«Գյուղացիական տնտեսության մեջ զբաղված մեր յուրաքանչյուր հայրենակից, ըստ էության, ինքն է կառավարելու իր ստաժի հետ կապված հարաբերությունները։ Բայց, իհարկե, պետք է որոշակի մեխանիզմներ և բանաձևեր ստեղծել, որպեսզի դա լինի հնարավորինս մատչելի և հնարավորինս կիրառելի»,– նշել է Կառավարության ղեկավարը։

Թեման քննարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդգրկման ընդլայնման համատեքստում։ Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղված քաղաքացիների ապահովագրության հարցը ևս դասել է հետագա լուծում պահանջող խնդիրների շարքին՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանց մի մասն այլ հիմքերով արդեն համակարգի շահառու է։

«Իհարկե, գյուղացիական տնտեսությունների մեր հայրենակիցների մի մասը մյուս հոդվածներով արդեն իսկ ներառված է։ Գյուղացիական տնտեսությունների, այսինքն՝ գյուղատնտեսության մեջ ներգրավված մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները պետք է լուծենք»,-ասել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում