Հայաստան

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի իր գործընկեր Լուկա Նիկուլեսկուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Հայաստանի և Ռումինիայի միջև այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրով մենք նոր հիմք ենք ստեղծել մեր երկրների գործակցության համար։

Վարչապետ Նիկուլեսկուի հետ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք հռչակագրում ամրագրված առաջնահերթությունները վերածել կոնկրետ ծրագրերի։ Մեր քննարկման առանցքում առևտուրն է և ներդրումները։ Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում։ Վերջին ամիսներին հայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա։ Մեր նպատակն է նպաստել, որ այդ մատակարարումները դառնան կանոնավոր, իսկ ռումինական ընկերություններն ընդլայնեն իրենց առևտրային և ներդրումային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այս շրջանակում կարևորում ենք գործարարների և առևտրային կառույցների ուղիղ կապերը, նաև գործակցությունը սննդամթերքի անվտանգության ստանդարտների և սերտիֆիկացման ոլորտներում», - ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է, որ ներդրումային ծրագրերի ներուժ կա սննդի վերամշակման, պահեստավորման և սառը շղթայի լոգիստիկայի ոլորտներում։ Առաջնահերթ է նաև Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական գործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվացումը և հաջորդ նիստի անցկացումը։ Այդ հարթակը, ըստ Փաշինյանի, կարող է օգնել առանձնացնել համատեղ ծրագրերը և դրանց շուրջ անմիջական կապեր հաստատել երկու երկրների ընկերությունների միջև։ Այդ նպատակին կարող են ծառայել նաև գործարար համաժողովները և ոլորտային համատեղ այցելությունները։

«Համատեղ ներդրումների և տեխնոլոգիական գործակցության հեռանկարներ ենք տեսնում նաև վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և դեղագործության ոլորտներում։

Քննարկել ենք նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հնարավորությունները։ Ռումինիայի սևծովյան նավահանգիստները և դրանց կապը եվրոպական տրանսպորտային ցանցերի հետ կարող են ընդլայնել հայկական բեռների՝ եվրոպական շուկաներ հասնելու ուղիները։ Այս շրջանակում ներկայացրել եմ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ԹՐԻՓՓ նախագիծը։ Հարավային Կովկասում հաղորդակցուղիների ապաշրջափակումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել մեր տարածաշրջանի և Եվրոպայի միջև առևտրի համար։

Շնորհակալ ենք Ռումինիային՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանն աջակցելու համար։ Կարևորում ենք Ռումինիայի հետ գործակցությունը ԵՄ չափանիշներին Հայաստանի արտադրանքի համապատասխանեցման, հայկական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտքի դյուրացման, Հայաստանում եվրոպական ներդրումների խթանման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը նոյեմբերի 24-ին Բուխարեստում կայացած հանդիպման ժամանակ ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում