Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ռումինիայի նախագահը քննարկել են հայ-ռումինական գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետն ու Ռումինիայի նախագահը քննարկել են հայ-ռումինական գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը

Հայկական ընկերությունների համար Եվրոպայի, այդ թվում՝ Ռումինիայի շուկաներում մեծ հնարավորություններ են բացվում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բուխարեստից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում այդ մասին ասել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։

«Ես զրուցեցի վարչապետ Փաշինյանի հետ հնարավոր գործարար ֆորում կազմակերպելու մասին։ Այս համատեքստում նշեմ, որ Ռումինիայի վարչապետը կայցելի Հայաստան։ Դրանից բացի, Ռումինիան Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների համար դարպաս է դեպի ԵՄ, դեպի հսկայական շուկա։ Եվ ես հույս ունեմ, որ դուք կկարողանաք օգտվել այդ հնարավորությունից, ինչպես նաև մեր աշխարհագրական դիրքից»,- ասաց նախագահ Դանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռումինիայի նախագահին շնորհակալություն հայտնեց Եվրամիության շրջանակներում Հայաստանի համար առևտրային ինքնավար միջոցներ սահմանելու որոշմանն աջակցելու համար։

«Այսօր էլ մենք արձանագրում ենք, որ Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքներ արդեն իսկ վաճառվում են Ռումինիայի ցանցերում, բայց նաև մենք երկարաժամկետ համագործակցություն ենք քննարկել, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շրջանակներում։ Ես պարոն նախագահին տեղյակ պահեցի, որ մենք երեկ ԹՐԻՓՓ նախագծի գործարկումն ենք սկսել, և այդ նախագծի իրագործման արդյունքում  նոր հնարավորություններ են բացվելու մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Ակնհայտորեն Հայաստան-Թուրքիա սահմանի և երկաթուղու բացման ժամանակ այդ հնարավորությունները, իհարկե, ավելի կընդլայնվեն»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նկատեց, որ «Wizz Air» ավիաընկերությունը Բուխարեստից Երևան չվերթներ է իրականացնում, ինչը տնտեսական կապերի զարգացման առումով շատ կարևոր է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում