Եվրոպա

Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի էներգետիկայի նախարար Իվա Պետրովան «Երկրաջերմային էներգիան և բուլղարական ջերմոցների արդիականացումը» խորագրով խորհրդաժողովի և գործարար ֆորումի ժամանակ հայտնել է, որ 2026 թվականին Սոֆիայի շրջանում խորքային երկրաջերմային ռեսուրսների հետազոտման թույլտվություն ստանալու համար արդեն իսկ ներկայացվել է երեք հայտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Sofia Balkan Palace հյուրանոցում անցկացվող միջոցառումը, որը կազմակերպվել է Նիդեռլանդների դեսպանության և Նիդեռլանդների ձեռնարկատիրական գործակալության կողմից, նոյեմբերի 24-26-ը տեղի ունեցող նորարարական ֆորումի մի մասն է կազմում։

Բուլղարիայում խորքային երկրաջերմային ռեսուրսների շահագործման առաջին կոնցեսիան փետրվարին տրամադրվել է Զլատոգրադ համայնքին։ Նախարարի խոսքով՝ նախագիծը նախատեսում է 19,7 մեգավատտ դրվածքային հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում։

Պետրովան հիշեցրել է 2023 թվականին ընդունված «Ընդերքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին, որոնցով խորքային երկրաջերմային էներգիան դասակարգվել է որպես ընդերքի ռեսուրսների առանձին կատեգորիա։ Սա իրավական հիմք է ստեղծել դրա հետազոտման և արդյունահանման համար։

Նախարարը նաև նշել է, որ Էներգետիկայի նախարարությունը, Համաշխարհային բանկի աջակցությամբ և «Վերականգնման և դիմակայունության ազգային ծրագրի» շրջանակներում տրամադրված ֆինանսավորմամբ, ստեղծել է երկրաջերմային լաբորատորիա։ Արդյունքում երկրաջերմային ռեսուրսների վերաբերյալ առկա տվյալներն այժմ հասանելի են շահագրգիռ կողմերին նախարարության կայքի միջոցով։

Պետրովան ընդգծել է, որ առկա ներուժը կենսունակ ներդրումային ծրագրերի վերածելու համար անհրաժեշտ են մասնագիտական ​​գիտելիքներ, տեխնոլոգիաներ, կապիտալ և գործընկերային կապեր։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Նիդեռլանդների հետ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում