Եվրոպա

Բուլղարիայի ՊՆ ղեկավարը և ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են դաշինքի արևելյան թևի ամրապնդումն ու Սև ծովի անվտանգությունը. BTA

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի ՊՆ ղեկավարը և ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են դաշինքի արևելյան թևի ամրապնդումն ու Սև ծովի անվտանգությունը. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը և ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը քննարկել են ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանական դիրքերի ամրապնդման և Սև ծովում անվտանգության աճող մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ հարցեր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Ուիթաքերը Բուլղարիա է այցելել Ստոյանովի հրավերով։

Ստոյանովը հանդիպման ժամանակ նշել է, որ այցը տեղի է ունենում հատկապես կարևոր ժամանակահատվածում, քանի որ ՆԱՏՕ-ի արևելյան թևի մարտահրավերներն օրեցօր աճում են։

Պաշտոնյաները քննարկել են ՆԱՏՕ-ի կողմից հետագա աջակցության տրամադրումն աճող մարտահրավերներին դիմակայելու համար։

Ստոյանովը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ում Բուլղարիայի դաշնակիցներին՝ երկրի օգնության խնդրանքին արագ արձագանքելու և P-8 Poseidon ծովային պարեկային ինքնաթիռ տեղակայելու համար։ Նա ասել է, որ Բուլղարիան բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների կողմից տրամադրված արագ աջակցությունը։

Նախարարը հայտարարել է, որ Բուլղարիան պատրաստ է արձագանքել Սև ծովում ծագող տարբեր իրավիճակների, այդ թվում՝ անօդաչու համակարգերի կողմից ստեղծվող սպառնալիքներին։

Ուիթաքերը Սև ծովը բնորոշել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներին սպառնացող աճող վտանգների ակնառու օրինակ՝ նշելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքները զգացվում են ռազմական գործողությունների անմիջական գոտուց շատ ավելի հեռու՝ տարածվելով ընդհուպ մինչև Սև ծովի խորքերը։

Հանդիպմանը քննարկվել է նաև F-16 կործանիչների, Stryker մարտական ​​մեքենաների և Naval Strike Missile տիպի հականավային հրթիռների ձեռքբերման նախագծերի ընթացքը։ Ստոյանովն ընդգծել է մատակարարումներն արագացնելու կարևորությունը։

Նա նշել է, որ ակնկալում է, որ 2027 թվականին Բուլղարիան Միացյալ Նահանգների հետ կստորագրի ևս երկու համաձայնագիր, որոնք կվերաբերեն F-16 Block 70 կործանիչների սպառազինությանը և դրանց սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերին։

Ուիթաքերը ողջունել է Բուլղարիայի հանձնառությունը՝ մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնելու համախառն ներքին արդյունքի 5%-ին։

Անդրադառնալով «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգին՝ Ուիթաքերը նշել է, որ Միացյալ Նահանգները դուրս չի գալիս դաշինքից, սակայն ակնկալում է, որ եվրոպական դաշնակիցները ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն հավաքական անվտանգության հարցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում