CENTCOM-ի ղեկավարը Մերձավոր Արևելք այցի ընթացքում քննարկել է դաշնակիցների հետ փոխգործակցությունը շարունակելու հարցը
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը Մերձավոր Արևելք իր այցի ընթացքում տարածաշրջանի դաշնակից երկրների ղեկավարների հետ քննարկել է ռազմական փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում արված հրապարակման մեջ նշվում է, որ մեկշաբաթյա այցն ավարտվել է նոյեմբերի 22-ին։ Այցի ընթացքում Քուփերը հանդիպումներ է ունեցել Իսրայելի, Կատարի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների հետ։
«Քննարկվել են տարածաշրջանում անվտանգության ներկայիս իրավիճակը և համագործակցության շարունակման հնարավորությունները։
Քուփերը հանդիպել է նաև տարածաշրջանում տեղակայված շուրջ 50 հազար ամերիկացի զինծառայողների հետ՝ շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար և արժևորելով նրանց խիզախությունն ու ներդրումը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ ռազմական գործողությունների ընթացքում», - ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդել է The Times of Israel թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նոյեմբերի 18-ին Քուփերը հանդիպում էր անցկացրել Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և իսրայելցի այլ բարձրաստիճան զինվորականների հետ։
Աղբյուրների խոսքով՝ այցի նպատակն էր շարունակել երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունն ու համակարգումը և ԻՊԲ-ի բարձրագույն հրամանատարության հետ քննարկել ապագա ծրագրերը, հատկապես Իրանի շուրջ ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ։