Աշխարհ

Հարավային Կորեայի նախագահը վերադասավորումներ է կատարել կառավարությունում

4 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի նախագահը վերադասավորումներ է կատարել կառավարությունում

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը կադրային փոփոխություններ է կատարել կառավարությունում՝ առաջադրելով ազգային անվտանգության երեք առանցքային պաշտոնների նոր թեկնածուների։ Մասնավորապես, նա առաջադրել է Ազգային հետախուզական ծառայության նոր ղեկավարի, ինչպես նաև արտաքին գործերի և միավորման նախարարների թեկնածուներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ փոփոխությունները տեղի են ունենում Վաշինգտոնի հետ դաշինքն ավելի արդյունավետ կառավարելու կոչերի ֆոնին։

Նախագահը Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրել է արդարադատության նախկին նախարար Կան Գըմ Սիլի թեկնածությունը։ Նշանակման դեպքում նա կդառնա երկրի պատմության մեջ հետախուզական ծառայության առաջին կին ղեկավարը։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրվել է կարիերային դիվանագետ, նախագահի ազգային անվտանգության հարցերով գործող տեղակալ Լիմ Ուն Սունը, իսկ միավորման նախարարի պաշտոնում՝ խորհրդարանի նախկին պատգամավոր Հոն Իկ Փյոն․ նա պատասխանատու կլինի Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների համար։

Նշանակման դեպքում երեք պաշտոնյաներին կվստահվի Հարավային Կորեայի անվտանգության գլխավոր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ դաշինքի ամրապնդումը, ինչպես նաև միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների բարելավումը՝ երկու հարևանների միջև պահպանվող լարվածության պայմաններում։

Կառավարության անդամների և հետախուզական ծառայության ղեկավարի թեկնածուները պետք է մասնակցեն խորհրդարանում անցկացվող լսումներին, սակայն նրանց հաստատման համար քվեարկություն չի պահանջվում։

Անցյալ տարվա հունիսին պաշտոնը ստանձնած Լի Ջե Մյոնը առաջադրել է նաև մշակույթի և անվտանգության նախարարների նոր թեկնածուների։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 22-ին հրաժարական էր տվել Հարավային Կորեայի կրթության նախարար Չոյ Գյո Ջինը՝ պատասխանատվություն ստանձնելով այն խառնաշփոթի համար, որն առաջացել էր անցած շաբաթ բուհական ընդունելության քննության ժամանակ արհեստական բանականության միջոցով արտագրելը կանխելու նպատակով վերջին պահին կիրառված միջոցառումների հետևանքով։

Նախագահ Լի Ջե Մյոնն ընդամենը մեկ ժամվա ընթացքում ընդունել է հրաժարականը և հանձնարարել համապարփակ վերանայել ազգային քննությունների անցկացման համակարգն ու համապատասխան օրենսդրությունը։

Կառավարությունը ստիպված էր եղել շտապ խստացնել վերահսկողությունը այն բանից հետո, երբ ազգային քննության ամենաբարձր միավորը հավաքած մասնակիցը խոստովանել էր, որ արտագրելու համար օգտագործել է տեսախցիկ, սմարթֆոն և արհեստական բանականություն։

Ութ ժամ տևած քննության ընթացքում իշխանությունները սահմանափակել են Wi-Fi-ի հասանելիությունը, ստուգել ակնոցներն ու հագուստի կոճակները՝ թաքցված սարքեր հայտնաբերելու նպատակով, ինչպես նաև ամբողջ երկրում նախազգուշացումներ են տարածել՝ գաղտնի պահվող հեռախոսները հայտնաբերելու համար։

Քննությանը գրանցվել էր ավելի քան 550 հազար ուսանող։

Չոյ Գյո Ջինը խոստովանել է, որ անբավարար նախապատրաստվածությունն ու կանոնների բազմակի փոփոխությունները անհարմարություններ են պատճառել ինչպես ուսանողներին, այնպես էլ պաշտոնյաներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում