Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
1 րոպեի ընթերցում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների առողջապահական աղբյուրները հայտնել են, որ վերջին 48 ժամվա ընթացքում Թաիզ, Սաադա, Հաջջա և Սանա նահանգներում Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորվել՝ 47 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ի վաղ առավոտյան Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Հոդեյդա նահանգի հեռահաղորդակցության շենքը, որի հետևանքով զովել է 6 և վիրավորվել 19 մարդ։ Ըստ տեղեկությունների՝ փրկարարական խմբերը դեռևս աշխատում են դեպքի վայրում, իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները շարունակում են թռչել տարածքի վրայով։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին X-ում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Հարավային շրջանում։