Եվրահանձնաժողովն Ուկրաինային է փոխանցել բյուջետային ֆինանսավորման տրանշ` 7,9 միլիարդ եվրոյի չափով
2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին 7,9 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային՝ երկրի ֆինանսավորման կարիքները հոգալու և պետական կառավարման համակարգի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ սա ԵՄ-ի կողմից Ուկրաինայի աջակցության հիմնադրամի շրջանակում կատարված միանվագ ամենախոշոր հատկացումն է։
«Ուկրաինան շարունակում է բարեփոխումներ իրականացնել՝ միաժամանակ ամեն օր պաշտպանվելով։ Այսօր մենք հատկացնում ենք գրեթե 8 միլիարդ եվրո. սա մինչ այժմ կատարված ամենախոշոր վճարումն է։ Սա հստակ ցույց է տալիս, որ բարեփոխումների իրական առաջընթացը բերում է շոշափելի արդյունքներ և օգուտներ։ Քանի դեռ Ուկրաինան հաստատակամորեն շարունակում է իր ուղին դեպի Եվրոպա, այն կարող է ապավինել մեր աջակցությանը», - մեջբերվում են հաղորդագրության մեջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերը;
Սա Ուկրաինայի աջակցության հիմնադրամի շրջանակում կատարված իններորդ հատկացումն է։ Ուկրաինայի աջակցության հիմնադրամը ԵՄ-ի հիմնական մեխանիզմն է՝ աջակցելու Ուկրաինայի վերականգնմանը, բարեփոխումների օրակարգին և ԵՄ անդամակցության ճանապարհին առաջընթացին։
Ըստ հաղորդագրության՝ այս վերջին վճարմամբ 2024 թվականի կեսերից ի վեր Ուկրաինայի ծրագրի շրջանակում տրամադրված ԵՄ ընդհանուր աջակցությունը կհասնի 40 միլիարդ եվրոյի։