Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանը
2 րոպեի ընթերցում

Էստոնիայի կառավարությունը նոյեմբերի 20-ին կայացած նիստում որոշում է ընդունել դեկտեմբերի 1-ից փակել էստոնա-ռուսական ավտոմոբիլային սահմանային անցակետերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Սահմանային անցումները կփակվեն Էստոնիա-Ռուսաստան սահմանի բոլոր անցակետերում՝ Նարվա-1, Նարվա-2, Կոյդուլա, Լուհամաա և Սաատսե։ Վեց ամիս անց կառավարությունը կգնահատի, թե արդյոք անհրաժեշտ է փոխել սահմանափակումները, որոնք մտցվել են ի շահ ազգային անվտանգության և հասարակական կարգի», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը։
Նրա պնդմամբ՝ որոշման ընդունման համար հիմք են դարձել Ռուսաստանի թշնամական գործողությունները, այդ թվում՝ պաշտպանական ձեռնարկությունների վրա իրականացված գրոհները։ Վերջին դեպքը նոյեմբերի 13-ին Ուկրաինայի համար անօդաչուների արտադրությամբ զբաղվող Threod Systems ձեռնարկությունը հրկիզելու փորձն էր, նշել է Միխալը։
Առաջիկա շաբաթներին կառավարությունը կքննարկի, թե ինչ է անհրաժեշտ անել Էստոնիայի հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում սահմանամերձ տարածաշրջանների բնակչության համար սահմանը փակելու հետևանքները մեղմացնելու նպատակով։
Մամուլի ասուլիսում Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ կառավարության որոշումը վերաբերում է ավտոմոբիլային սահմանային անցումներով մարդկանց և փոխադրամիջոցների տեղաշարժին և լրացուցիչ սահմանափակումներ չի նախատեսում երկաթուղային բեռնափոխադրումների համար։ Դրանք կիրականացվեն գործող սահմանափակումներին և հնարավորություններին համապատասխան՝ մաքսային խիստ վերահսկողության ներքո, պարզաբանել է նախարարը։
Էստոնիայի հակահետախուզությունը կարծում է, որ Threod Systems ձեռնարկության վրա հարձակման փորձը համակարգել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչությունը։ Կրեմլում այդ կասկածներն անհիմն են որակել։