Մոսկվան Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը կապում է Ռուսաստանի անվտանգության հարցերի հետ
2 րոպեի ընթերցում

Եվրամիությանն Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցը, հաշվի առնելով նրա հակառուսական քաղաքականությունը և շարունակվող ռազմականացումը, պահանջում է այնպիսի լուծում, որը կապահովի Ռուսաստանի անվտանգությունը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մենք բազմիցս ի գիտություն մեր ընդդիմախոսների, այդ թվում՝ Եվրամիությունում, հայտնել ենք, որ հաշվի առնելով այս խմբի՝ միջազգային ասպարեզում ավելի ու ավելի ագրեսիվ դիրքավորումը, նրա վառ արտահայտված հակառուսական քաղաքականությունը և պաշտպանության ու անվտանգության ոլորտում նշանակալի ինքնուրույն դերակատարության հավակնությունները, Եվրամիության և առանձին երկրների շարունակվող ռազմականացումը՝ մենք մեծ տարբերություն չենք տեսնում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև։ Հետևաբար, այս ամենը հավասարապես պահանջում է լուծում՝ հիմնված այնպիսի հենքի վրա, որը կապահովի մեր անվտանգությունը», - ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, թե որքանով ընդունելի կլինի Ռուսաստանի համար Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։
Պաշտոնյայի խոսքով՝ այս հարցում չի կարող լինել որևէ շեղում Ռուսաստանի այն պահանջից, որ անվտանգությունն անբաժանելի է, և չի կարելի սեփական անվտանգությունն ամրապնդել այլոց անվտանգության հաշվին։
«Եվ այս դիրքորոշումն է ընկած այն մոտեցման հիմքում, որը մենք մշակում ենք Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ մեր շփումների ընթացքում, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով», - հավելել է փոխնախարարը։