Վերլուծություն

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

8 րոպեի ընթերցում

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպմանը՝ կարծիք հայտնելով, որ արդեն իսկ մեծ իրադարձություն է այն հանգամանքը, որ այդ երեք երկրների ղեկավարները հանդիպում են։

«Նայելով քաղաքական և քաղաքագիտական տեսանկյունից՝ հանդիպումն արժևորվում է այնքանով, որ եթե նախկինում Չինաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը հանգում էր «պայքար հեգեմոնիզմի դեմ» սկզբունքին, որի համաձայն՝ Չինաստանը չէր ընդունում նախկին ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի գլոբալ գերիշխանությունը, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նույն Չինաստանը թռիչքաձև զարգացում արձանագրեց ու տնտեսական կարողություններով գրեթե հավասարվել է Միացյալ Նահանգներին ու անգամներով առաջ անցել ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունից, այսօր արդեն փոխել է իր արտաքին քաղաքական 60-ամյա հայեցակարգը։ Չինաստանը գտնում է, որ արդեն որպես համաշխարհային հեգեմոն ուժ, մյուս երկու գերտերությունների հետ փոխելու է աշխարհակարգը և դնելու է միջազգային հարաբերությունների նոր որակի հիմքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քեռյանը։  

Նրա դիտարկմամբ՝ եռակողմ հանդիպման  մյուս կարևոր նշանակությունն այն է, որ վերոհիշյալ երեք պետությունները համատեղ հանգել են մի դրույթի, որի համաձայն՝ եթե իրենց միջև կա համագործակցություն, ապա դրանով հնարավոր է կանխել համաշխարհային քաոտիկ երևույթները, պատերազմները և մեծ աղետները, որոնք բխում են տարածաշրջանային ու միջտարածաշրջանային առնչություն ունեցող պետությունների միջև առկա բախումներից։

«Երեք ղեկավարները հստակորեն նշեցին, որ պետք է համագործակցեն այդ բախումները կանխելու ուղղությամբ, ինչը նշանակում է համատեղ գործունեություն՝ գոյություն ունեցող կոնֆլիկտները հանգուցալուծելու ուղղությամբ։ Արժանահիշատակ է նաև այն հանգամանքը, որ Չինաստանի նախագահն առաջին անգամ բարձրաձայնեց ոչ միայն միջուկային զենքը սահմանափակելու և գործարկումը բացառելու թեզը, այլև առհասարակ առաջարկեց համատեղ աշխատել միջուկային զենքը վերացնելու ուղղությամբ։ Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս, երբ երեք ղեկավարները հանդես եկան ելույթներով կամ հայտարարություն հիշեցնող ելույթներով, այնուհետև անցան փակ ձևաչափին, որտեղ կայացած քննարկումների մասին, անշուշտ, կարելի է կատարել որոշակի կռահումներ ու կանխատեսումներ, սակայն, ամենայն հավանականությամբ, գլխավոր հարցերը քննարկվել են հենց այդ ձևաչափով»,- նշեց քաղաքագետը։   

Քեռյանի կարծիքով՝ գլխավոր հարցերն առաջին հերթին վերաբերել են Մերձավոր Արևելքում, մասնավորապես Իրանի շուրջ պատերազմական իրավիճակին, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը։

«Շատ են հնչում տեսակետներ եռաբևեռ աշխարհակարգի հաստատման մասին, հետևաբար սույն եռակողմ հանդիպումը կարելի է համարել այդ աշխարհակարգի ձևավորման սկիզբը և, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց դա կավարտվի։ Հատկանշական է, որ նույն հարթության վրա համագործակցելու հայտ են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներից երեքը, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսական և ռազմական կարողությունների կեսից ավելին։ Տվյալ հանգամանքն արդեն իսկ ցույց է տալիս հիշյալ հանդիպման պոտենցիալ ներուժը։ Իհարկե, կարելի է կռահել, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երեք գերտերությունների միջև ազդեցության գոտիների բաժանման հարցը, որպեսզի բացառեն միմյանց միջև հնարավոր ընդհարումները»,- ասաց մեր զրուցակիցը։

«Իհարկե, այստեղ Չինաստանի համար կա մի շատ կարևոր հարց։ Դա Թայվանի խնդիրն է։ Եռակողմ ձևաչափը, ինչպես նաև եռաբևեռ աշխարհի հաստատման ձգտումը  Չինաստանն առաջին հերթին առաջ է մղում՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ն վերջնականապես կհրաժարվի Թայվանը որպես առանձին երկիր դիտարկելու քաղաքականությունից, և Թայվանն, ի վերջո, կմիավորվի Չինաստանի հետ։ Քննարկվել է նաև Իրանի դեմ պատերազմը, ընդ որում, կա մի կետ, որի շուրջ ղեկավարները համամիտ են և տարակարծություններ չունեն այն հարցում, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Բայց թե ինչպե՞ս կանխել պատերազմն ու նոր ավերածությունները, կամ ինչպե՞ս Իրանին բերել կառուցողական հարթություն, որպեսզի նա հրաժարվի միջուկային զենքից և գնա ԱՄՆ-ի ու եվրոպական տերությունների հետ համաձայնության, դժվար է ասել»,- նշեց Քեռյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Շենժենի հանդիպումն աչքի ընկավ այն հանգամանքով, որ նախագահները չարեցին այնպիսի հայտարարություններ ու չկիրառեցին այնպիսի հռետորաբանություն, որից կարել էր ենթադրել, թե կան չլուծվող հարցեր։

«Նրանց ամբողջ խոսույթը և օգտագործված բառամթերքը, կարծես, նպատակաուղղված էր մի բանի, որ համաշխարհային հանրությունը տեսնի երեք գերտերությունների միասնականությունը գլոբալ խնդիրների լուծման ճանապարհին։ Իհարկե, պետք չէ նաև միամիտ լինել՝ կարծելու, որ ամեն ինչ կընթանա հարթ ու սահուն, որովհետև նույն ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային՝ պնդելով, որ ուկրաինական կողմը պետք է հաղթանակած դուրս գա կոնֆլիկտից։ Այնպես որ, երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են»,- եզրափակեց Քեռյանը։  

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինփինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումից հետո Կրեմլը հրապարակել է համատեղ հռչակագրի տեքստը։

Հռչակագրի առաջին կետում նշվում է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն «հայտնել են ՄԱԿ-ի բարեփոխմանն իրենց հանձնառության մասին, որպեսզի կազմակերպությունը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման իր հիմնարար առաքելությանը»։

Երկրորդ կետում նշվում է, որ երեք երկրները մտադիր են մեծացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ «ի շահ բոլոր երկրների»։

Հռչակագրի երրորդ կետում երեք երկրների առաջնորդներն ընդգծել են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն։

«Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները», - ասվում է փաստաթղթում։

Հռչակագրի չորրորդ կետում նշվում է. «Երեք երկրների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ»։

Հանդիպման մեկնարկին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ էր արել արգելել և վերացնել միջուկային զենքը, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։

Համատեղ հայտարարության մեջ Ուկրաինայի հարցը չի ներառվել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում