ՄԱԿ-ը կամ հիմնովին կբարեփոխվի, կամ նրա փոխարեն կստեղծվի նոր կազմակերպություն․ քաղաքագիտական տեսակետ
7 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը համոզված է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կամ հիմնովին կվերափոխվի, կամ նրա փոխարեն կստեղծվի նոր կազմակերպություն՝ ելնելով աշխարհաքաղաքական նոր իրողություններից։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ Դավիթ Ստեփանյանն անդրադարձավ ՄԱԿ-ի դերակատարությանը մերօրյա հակամարտությունների կարգավորման գործում, նրա դերին և նշանակությանը միջազգային հարաբերություններում։
«Ոչ միայն վերջին տարիներին, այլև վերջին տասնամյակներին ՄԱԿ-ի դերակատարությունը, ցավոք սրտի, զգալիորեն նվազել է, որովհետև որոշումներն ավելի շատ կայացվում են խոշոր գերտերություններում։ ՄԱԿ-ն այսօր մեծ հաշվով հանդիսանում է որպես մի ամբիոն, որտեղ գլխավոր դերակատարները փորձում են լեգիտիմացնել իրենց որոշումները, որոնք կայացվում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և գոյություն ունեցող բանաձևերին ու օրենսդրությանը հակառակ»,- ասաց Ստեփանյանը։
Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բարեփոխմանն առնչվող խոսակցություններին՝ քաղաքագետն ընդգծեց, որ խնդրին վերաբերող քննարկումների արդյունքում դժվար թե շահեկանորեն փոխվի ԱԽ դերակատարությունը։
«ԱԽ մշտական ներկայացուցիչների թվաքանակի մեծացման մասին խոսակցություններն արտացոլում են վերջին շրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումները, որոնց շրջանակում աճում է այն պետությունների թվաքանակը, որոնք հանդիսանում են արդեն տարածաշրջանային դերակատարներ, կամ ձգտում են ունենալ նման կարգավիճակ և գործառույթներ։ Այդ պետությունները, բնականաբար, ցանկանում են դառնալ ԱԽ մշտական անդամ։ Չեմ կարծում, որ եթե Թուրքիան կամ Հնդկաստանը դառնան ԱԽ մշտական ներկայացուցիչներ, դրանից այդտեղ կայացվող որոշումների որակն ու որոշումների իմպլեմենտացիան կունենան ավելի մեծ ակտուալություն, քան ունեն այսօր»,- պարզաբանեց քաղաքագետը։
Ստեփանյանը խոսեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսակետի մասին, ով կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների վետոյի իրավունքը։
«Թուրքիան ընդամենը ձգտում է բարձրացնել իր դերակատարությունը միջազգային ասպարեզում։ Էրդողանի քայլերից յուրաքանչյուրը՝ սկսած 2002 թվականից, երբ նա դարձավ Թուրքիայի նախագահ, ուղղված և միտված է այդ նպատակի իրականացմանը։ Էրդողանը փորձում է նման որոշման հասնել ՄԱԿ-ում, ինչը վկայում է այն մասին, որ նա ուզում է հերթական դուռը բացել՝ սեփական ամբիցիաներն իրագործելու նպատակով։ Դա, համենայնդեպս, տարածաշրջանային մակարդակով ստացվում է, որովհետև Թուրքիան այս պահին տարածաշրջանային տերություն է»,- նշեց մեր զրուցակիցը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱԿ-ը, բացի իրավական-կանոնադրական գործիքից, ունի մեկ այլ գործիք՝ ի դեմս իր հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությունների, Ստեփանյանը նշեց, որ «կապույտ սաղավարտների» հետ կապված որոշումները նույնպես ՄԱԿ-ը չի կայացնում։
«Խաղաղապահ ուժերի տեղակայումն այս կամ այն կոնֆլիկտային գոտում որոշում են առանձին գերտերությունները, որոնք շահագրգռված են կոնկրետ հակամարտության լուծմամբ, կամ հակառակը՝ ցանկություն չունեն, որ հակամարտությունը հանգուցալուծվի։ Օրինակ՝ մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, չնայած հնչում էին Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին որոշակի կոչեր, նման բան տեղի չունեցավ այն պարզ պատճառով, որ այդ հարցում չկար կոնսենսուս։ Իսկ եթե չկա միջազգային կոնսենսուս, նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենաբարձր մակարդակով չի կարող այդպիսի որոշումներ կայացնել։ Եթե ՄԱԿ-ն իսկապես լիներ լիարժեք գործող կառույց, որն ի զորու է ամբողջ թափով իրագործել իր լիազորությունները, ապա մենք Լեռնային Ղարաբաղում այս պահին կունենայինք բոլորովին այլ իրավիճակ, և այնտեղ առնվազն կլիներ հայ ազգաբնակչություն։ ՄԱԿ-ի պարագայում կապը որոշումներ կայացնելու անկարողության հետ այստեղ ակնհայտ է»,- ասաց քաղաքագետը։
Ստեփանյանի կարծիքով՝ իրավիճակն ապագայում, անշուշտ, կունենա տրամաբանական հանգուցալուծում։ Ըստ նրա՝ ՄԱԿ-ը կամ հիմնովին կբարեփոխվի, կամ նրա փոխարեն կստեղծվի նոր կազմակերպություն։
«Անշուշտ, կարող են լինել բարեփոխումներ, որոնց շրջանակում ՄԱԿ-ը կենթարկվի ռեբրենդինգի, կամ ընդհանրապես կկազմալուծվի, սակայն դրա փոխարեն կստեղծվի նոր կառույց, որովհետև և՛ անցյալում, և՛ հիմա միջազգային խոշոր դերակատար ցանկացած պետություն ունի իր գործառույթները լեգիտիմացնելու խնդիր։ Այսինքն՝ գերտերություններն անում են քայլեր, որոնք ՄԱԿ-ի կողմից չեն ընդունվում, բայց հետո փորձում են նշված կազմակերպության ամբիոնից լեգիտիմացնել»,- եզրափակեց քաղաքագետը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը կրկին մեկտեղել է աշխարհի առաջնորդներին, որոնք կփորձեն վերակենդանացնել գլոբալ համագործակցությունը, կարևոր խթան տալ կայուն զարգացման նպատակներին և խթանել համատեղ գործողություններ՝ առողջ մոլորակի վրա խաղաղության, արժանապատվության և հավասարության համար:
ՄԱԿ-ում բարձր մակարդակի շաբաթը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կեզրափակվի սեպտեմբերի 29-ին
Ասամբլեան կանցկացնի մի շարք բարձր մակարդակի միջոցառումներ։ Դրանց թվում են Զարգացման իրավունքի մասին հռչակագրի 40-ամյակին նվիրված նիստը, կլիմայական գործողությունների և արդար անցման, ինչպես նաև ծովի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող գոյութենական սպառնալիքների վերաբերյալ նիստերը, համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ նիստը, Դուրբանի հռչակագրի և գործողությունների ծրագրի ընդունման 25-րդ տարեդարձին նվիրված քննարկումը: Բացի այդ, կանցկացվի բարձր մակարդակի լիագումար նիստ՝ միջուկային զենքի լիակատար վերացման միջազգային օրը նշելու և խթանելու նպատակով:
