Վերլուծություն

Այս պահին ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման համար առարկայական որևէ նախադրյալ չկա. քաղաքագետի վերլուծությունը

5 րոպեի ընթերցում

Այս պահին ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման համար առարկայական որևէ նախադրյալ չկա. քաղաքագետի վերլուծությունը

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ այս պահին առարկայական որևէ նախադրյալ չկա, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտությունը հանգուցալուծվի, քանի որ կողմերն առավել քան անհանդուրժող են և առանց էական ձեռքբերումների չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն անդրադարձավ այն հարցին, թե շարունակվող ռուս-ուկրաիանական պատերազմն ի՞նչ ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների համակարգի և, ընդհանուրր առմամբ, գոյություն ունեցող աշխարհակարգի վրա։

«Միջազգային հարաբերություններում և նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում ականատես ենք շարունակական անորոշության։ Առաջնային խոչընդոտը ռուս-ուկրաինական հակամարտությունն է, բայց դրա կողքին նաև տեսնում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում շարունակվող այլ կոնֆլիկտներ, չկարգավորված հակամարտային խնդիրներ, ինչպես նաև ակտիվացման մեծ ներուժ ունեցող հակամարտություններ։ Օրինակ՝ Մերձավոր Արևելքում Իսրայելի մասնակցությամբ տարբեր հարցեր դեռ մնում են առկախված։ Դա վերաբերում է Գազայի խնդրին, Լիբանան Իսրայել և Սիրիա-Իսրայել հարաբերություններին։ Դրան գումարվել է ԱՄՆ-ի ու Իրանի միջև զարգացող հակամարտությունը, որը ևս գտնվում է անորոշության շրջափուլում»,- նշեց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ արդեն առկա մի քանի հանգուցային խնդիրները միաժամանակ թույլ չեն տալիս, որպեսզի գործող միջաշխարակարգի ժամանակահատվածը վերջանա ու բյուրեղանա նոր աշխարհակարգի ձևավորումը։

«Ռուս-ուկրաինական հակամարտության ներկա շրջափուլը թույլ չի տալիս կոնֆլիկտի շուտափույթ հանգուցալուծում կանխատեսել, որովհետև ռազմադաշտում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են այն մասին, որ կողմերից որևէ մեկը շատ արագ հաջողություն արձանագրելու հնարավորություն այս պահին չունի, իսկ ստատուս-քվոյի ֆիքսման օրակարգին կողմերից որևէ մեկը չի համաձայնվում։ Ուկրաինական կողմն ակնկալում է կորցրած տարածքների վերադարձ, իսկ ռուսական կողմը, բացի շփման գծում եղած իրավիճակից, ակնկալում է նաև այլ տարածքների տրամադրում Ռուսաստանին։ Մյուս կողմից միջնորդական ջանքերը բավարար չեն։ ԱՄՆ-ն ավելի քան կես տարի ակտիվորեն ձգտում է միջնորդական գործունեություն ծավալել հակամարտության լուծման հարցում, բայց ջանքերն ապարդյուն են»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Նա հավելեց, որ Ռուսաստանը մեծացրել է ճնշումն Ուկրաինայի վրա՝ օգտագործելով հեռահար սպառազինություն։ Դրան ի պատասխան՝ Ուկրաինայի ընտրած մարտավարությունը, այն է՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով ՌԴ-ում ռազմավարական օբյեկտների դեմ թիրախային գործողությունների իրականացումը, տալիս է որոշակի առավելություն՝ Ռուսաստանի ներսում տարաբնույթ ճգնաժամեր առաջացնելու առումով։

«Այս իրավիճակում հակամարտող կողմերից որևէ մեկն իր առաջ քաշած պայմաններից հրաժարվելու որևէ միտում, բնականաբար, չի դրսևորում։ ՌԴ-ն՝ որպես գերտերություն, չի կարող ընդունել Ուկրաինայի պայմանները, որովհետև դա մեծ հաշվով կնշանակի պատերազմում վատ արդյունք, իսկ Ուկրաինան չի նահանջում իր դիրքերից, որովհետև ունի մարտավարական հաջողություններ, որոնք փորձում է ավելի ընդլայնել և օգտագործել ՌԴ-ի ներսում տարբեր ճգնաժամեր առաջացնելու և քաղաքական հարթությունում առարկայացնելու համար»,-ասաց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի կարծիքով՝ Ուկրաինայի ու ԵՄ-ի շահերն համընկնում են, իսկ ԱՄՆ-ն ձգտում է արագ հանգուցալուծման, թեև դա էլ, ըստ նրա, չի կարող տեղի ունենալ, քանզի բուն հակամարտող կողմերից որևէ մեկն այս պահին առանց էական ձեռքբերումների չի պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները։

«ԱՄՆ-ն այս պահին չունի լուրջ ռեսուրսներ կամ այնպիսի առաջարկներ, որոնք կշահագրգռեն կողմերին և նրանց կստիպեն հրաժարվել սեփական կարմիր գծերից ու գնալ միակողմանի զիջումների։ Սա է նաև պատճառը, որ այս պահին առարկայական որևէ նախադրյալ չկա, որպեսզի հակամարտությունը հանգուցալուծվի»,- նշեց Պետրոսյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ռուս-ուկրաինական և իրանա-ամերիկյան հակամարտությունների հանգուցալուծումից հետո կձևավորվի՞ արդյոք նոր աշխարհակարգ, մեր զրուցակիցն ընդգծեց, որ դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես կհանգուցալուծվեն այդ հակամարտությունները։

«Հարցն այն է՝ դրանք կավարտվե՞ն, թե՞ կսառեցվեն։ Եթե ավարտվեն, ապա կարելի է կանխատեսել նոր աշխարհակարգի ձևավորում, իսկ եթե սառեցվեն, ապա մենք դեռ երկար ժամանակ ականատես կլինենք գոյություն ունեցող աշխարհակարգում ձևավորված պայմաններին և փոխհարաբերությունների ձևաչափերին»,-եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում