Հակամարտող երկրները Մերձավոր Արևելքում փորձում են գտնել նոր ստատուս-քվո՝ հիմնված ուժային նոր բալանսի վրա․ միջազգայնագետ
6 րոպեի ընթերցում

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ մերձավորարևելյան մի շարք երկրներ ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված լինելով հակամարտության մեջ՝ փորձում են տարածաշրջանում գտնել նոր ստատուս-քվո, ինչը հիմնված կլինի ուժային նոր բալանսի վրա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սերգեյ Մելքոնյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և այդ համատեքստում մասնավորապես Իսրայելի, Թուրքիայի, Սիրիայի և Լիբանանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
«Իսրայելի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում իր հարևանների նկատմամբ՝ լինի Սիրիան, Գազան, Լիբանանը, թե Թուրքիան, չի փոխվել, քանի որ այդ երկիրը հղում անելով իր ազգային անվտանգության կարիքներին՝ շարունակում է մեծացնել իր անվտանոգության բուֆերները և այդ նպատակով գրավում է նոր տարածքներ։ Օրինակ՝ Գազայում և Լիբանանում այդ առումով առաջացել է նույն դիլեման, այն է՝ սկզբում իսրայելական բանա՞կը պետք է դուրս գա գրավյալ տարածքներից, թե՞ ՀԱՄԱՍ-ն ու «Հեզբոլլահը» պետք է սկզբում ամբողջովին զինաթափվեն։ Հակամարտող կողմերի մոտեցումներն ու դիրքորոշումները ծայրահեղ աստիճանի հակասական են ու իրարամերժ»,- նշեց Մելքոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ Սիրայում ստեղծված իրավիճակն իր բնույթով փոքր-ինչ տարբերվում է, որովհետև 2024 թվականից ի վեր Իսրայելն այդ երկրում ընդլայնել է իր ազդեցության գոտիները, ինչի արդյունքում Իսրայելն ու Թուրքիան ընդհուպ կանգնել են բախման եզրին։ Իսրայելական կողմը շարունակաբար հայտարարում է իր կարմիր գծերի մասին, հետևաբար անում է ամեն ինչ, որպեսզի Թուրքիան չհատի այդ կարմիր գծերը։
«Երբ Թել Ավիվում տեղեկացան, որ թուրք պաշտոնյաները Սիրիայում այցելել են ռազմաբազա՝ ծանոնթանալով վերականգնողական աշխատանքներին, որպեսզի հետագայում ռազմաբազան օգտագործեն ըստ իրենց հայեցողության, Իսրայելն անմիջապես ռմբակոծեց այդ ռազմական ենթակառուցվածքը։ Նույն մոտեցումը Իսրայելը նախկինում կիրառում էր Իրանի նկատմամբ, իսկ այսօր արդեն կիրառում է Թուրքիայի նկատմամբ։ Այդուհանդերձ, երկու երկրները, կարծես, շահագրգռված չեն փոխադարձ սուր հայտարարություններից ու սպառնալիցներից անցնել ռազմական գործողությունների։ Մի կողմից Թուրքիան չի մեծացնում իր ռազմական ներկայությունը Սիրիայում, մյուս կողմից Իսրայելը չի կատարում այնպիսի քայլեր, որոնց արդյունքում ստիպված կլինի Թուրքիայի հետ ներքաշվել անմիջական բախման մեջ։ Երկու կողմերն էլ խուսափում են ուղղակի հակամարտությունից»,- պարզաբանեց մեր զրուցակիցը
Մելքոնյանի կարծիքով՝ հակամարտության կարգավորման գործում կարևոր է միջազգային միջնորդական առաքելությունների արդյունավետությունը։ Բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե ի վերջո ԱՄՆ-ին կհաջողվի՞ այնպես ազդել իր դաշնակից Իսրայելի վրա, որպեսզի մերձավորարևելյան էսկալացիան չահագնանա։
«Այս փուլում ԱՄՆ-ն ակտիվ է այնքան, որքան կարող է, թեև շահագրգրռված է, որպեսզի իր երկու դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի միջև բախումներ չլինեն։ Վաշինգտոնը խստորեն դատապարտեց իսրայելական բանակի հարվածները, որոնք ուղղված էին Լիբանանի հարավին։ Ամերիկյան կողմը գիտակցվում է նաև, որ Լիբանանի հարավում ստատուս-քվոն փոփոխվում է։ Եթե նախկինում խաղաղապահ ուժերը գործում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1701 բանաձևի հիման վրա, ապա այժմ այնտեղ ակնկալվում է բոլորովին այլ մոդել։ Ըստ այդմ՝ քննարկվում են տարաբնույթ հարցեր, օրինակ՝ ո՞ր երկրների խաղաղպահ ուժերը պետք է ներգրավվեն գործընթացում, արդյոք լիբանանյան բանակը պե՞տք է իր վերահսկղության տակ վերցնի երկրի հարավային տարածքները, արդյոք «Հեզբոլլահ»-ը պե՞տք է սկզբում ամբոջողվին զինաթավի, թե՞ սկզբում պետք է իսրայելական զինուժը դուրս գա Լիբանանի հարավային տարածքներից։ Իրականում բավականին բարդ առաքելություն է վերապահված միջազգային միջնորդներին»,- ասաց Մելքոնյանը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ում և Իսրայելում շուտով տեղի են ունենալու ընտրություններ՝ համապատասխանաբար նոյեմբերին և հոկտեմբերին, ուստի երկու կողմերն էլ հասկանում են, որ չեն կարող իրենց թույլ տալ բացասաբար ընկալվող քայլեր, քանզի այդ դեպքում գալիք ընտրություններում պարտվելու հավանականությունը կաճի։
«Թե ինչպիսին կլինի Մերձավոր Արևելքում ստեղծվելիք ստատուս-քվոն, այդ հարցը դեռ մնում է անորոշ, թեև իրադարձությունները զարգանում են հենց այդ ուղղությամբ։ Դեռ ավարտված չէ պայքարը Պարսից ծոցի ստատուս քվոյի շուրջ, որտեղ ներգրավված են Իրանը, հարակից արաբական երկրներն ու ԱՄՆ-ն։ Փաստն այն է, որ տարածաշրջանային մի շարք երկրներ ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են հակամարտության մեջ, հետևաբար փորձում են Մերձավոր Արևելքում գտնել նոր ստատուս-քվո, որը հիմնված կլինի ուժային նոր բալանսի վրա, ինչին կարող են նպաստել ձևավորվող նոր դաշինքները։ Հենց այդ տեսանկյունից պետք է դիտարկել Մեքքայում բոլորովին վերջերս ձևավորված դաշինքը Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև»,- մանրամասնեց Մելքոնյանը
