Հայաստան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

7 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

 

Երևանում տեղի ունեցավ «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի երեկոյան միջոցառումը, որին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։ 

Նշանակալի այդ իրադարձությունը կազմակերպվել էր «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ի կողմից։ Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունն ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։ «Աղոթքի նախաճաշի» հեռահար նպատակն է նաև ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկիր, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկաներին ողջունեց և տերունական աղոթքով օրհնեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե հայոց առաջնորդ Արհ․ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը։

Միջոցառման գլխավոր ելույթը վերապահված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա իր խոսքում անդրադարձավ Հայաստանի՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության ժառանգությանը և հասարակական կյանքում անձնական հավատքի կարևորությանը: 

Փաշինյանը նշեց, որ նման ձևաչափով միջոցառման առաջին անգամ մասնակցել է երեք տարի առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կազմակերպած «Ազգային աղոթքի նախաճաշի» շրջանակում, որն իր վրա թողել է ցնցող տպավորություն։ 

«Ես հասկացա, թե կոնկրետ ինձ համար և իմ տեսակետից ինչ է պակասում իմ հոգևոր կյանքում։ ԱՄՆ-ում ամենատարբեր զբաղմունքի և կարգավիճակի մարդիկ պատմում էին իրենց հոգևոր զգացմունքների ու փորձի մասին, հավատի իրենց ճանապարհի մասին, այդ ճանապարհին իրենց ապրած կասկածների, երկմտությունների մասին։ Մարդիկ պարզապես կիսվում էին իրենց հոգևոր զգացմունքներով, ու ես հասկացա, որ դա շատ է պակասում մեզ։ Եվ մտածեցի, թե ինչու նման միջոցառում չի կազմակերպվում Հայաստանում։ Շատ արագ արձանագրվեց, որ մեզ մոտ բազմաթիվ մարդիկ ունեն նման հարթակի կարիք»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ իր համար շրջադարձային է եղել Դավթի 25-րդ սաղմոսի ընթերցումը, որից հետո այլևս չի կաշկանդվել սեփական հոգևոր զգացմունքներն ու ընկալումները կիսել մարդկանց հետ, քանզի Քրիստոնեության մեջ համայնքի հետ հաղորդակցությունը շատ կարևոր է։ Փաշինյանն իր ելույթում մեջբերեց Մաթևոսի ավետարանի «Երանիներ» հատվածը՝ շեշտելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում շուրջ քառասուն անգամ օգտագործվում է «խաղաղություն» բառը։ 

«Մենք 301 թվականից սկսած՝ բազմաթիվ անգամ խաղաղություն ենք խնդրել Տիրոջից։ Մեր անկախությունից ի վեր՝ ՀՀ եկեղեցիներում յուրաքանչյուր կիրակի աղաչանքներ են հնչել առ Աստված՝ խաղաղության ակնկալիքով։ Իսկ ինչու՞ չենք ունեցել խաղաղություն։ Այդ հարցի պատասխանը գտա Նոր Կտակարանի մեջ «Անդամալույծի բժշկումը» առակում, որը ներկայացված է Մաթևոսի, Ղուկասի և Մարկոսի ավետարաններում։ Որքան էլ խաղաղության համար Տիրոջն աղաչենք, որքան էլ հավատանք, որ Տերն ուժ ունի՝ խաղաղություն պարգևելու, որքան էլ մենք անդամալույծ ենք խաղաղության ճանապարհին, Հիսուսը մեզ նույնն է ասում՝ վեր կաց և քայլիր։ Եթե աղաչում ես խաղաղության համար, ուրեմն հավատում ես, եթե հավատք ունես, ուրեմն վեր կաց և քայլիր։ Սա նկարագրում է այն ճանապարհը, որ մենք անցել ենք՝ խաղաղության հասնելու համար։ Հասկացել ենք, վեր ենք կացել ու քայլել՝ գիտակցելով, որ ոչ ոք մեր փոխարեն վեր չի կենա և չի քայլի»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ճանապարհը եղել է շատ բարդ, և նա երախտագիտությամբ հիշատակեց, որ այդ ճանապարհին իր գործընկերների հետ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Փաշինյանը շեշտեց, որ առանց նրա անձնական ներգրավվածության իրենք չէին կարողանա անցնել այդ ճանապարհը։ 

«Ինքնին «Վեր կաց և քայլիր» պատգամը շատ կարևոր է։ Հավատը պետք է քայլեցնի, որովհետև Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթն է ասում․ «Ինչպես որ մեռած է մարմինն առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատն առանց գործելու»։ Իսկ գործը քայլելն է, ճանապարհից ետ չկանգնելը։ Ամեն քայլափոխի, ամեն օր, ամեն ժամ մեզ սպասում է հուսահատությունը։ Միայն Աստծո նկատմամբ ունեցած հավատն է, որ կարող է քայլեցնել։ Միայն այդ ուղերձը լսելով է հնարավոր առաջ գնալ մի ճանապարհով, որտեղ ամեն վայրկյան քեզ սպասում է հուսահատությունը։ Այն մեղք է, հետևաբար պետք է քայլել՝ հուսահատության մեղքի գայթակղությանը չտրվելով։ Եթե ուզում ես քայլել, պետք է հավատաս Աստծուն»,- նշեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, երբ 44-օրյա պատերազմից հետո բոլոր հարթություններում և ոլորտներում հաստատվել էր ճգնաժամային իրավիճակ, իր թիմակիցների հետ հաղթեց, որովհետև իր պնդմամբ՝ հավատում էր հաղթանակին։   

«Շատ քչերը կարող էին մտածել, որ այդ ահավոր իրադարձություններից հետո, որոնք տեղի էին ունեցել իմ՝ վարչապետ լինելու պայմաններում, կար թեկուզ տեսական հնարավորություն, որ այդ ընտրությունների արդյունքում «ՔՊ» կուսակցությունը կրկին կհաղթեր։ Արդյունքում մենք ստացանք ձայների մեծամասնություն և ձևավորեցինք կառավարություն։ Ինքս վերապրեցի, որովհետև հավատում եմ Աստծուն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ գործնականում ամեն օր, ամեն առավոտ նա ինձ ասում է․ «Վեր կաց և քայլիր»»,- ասաց Փաշինյանը։ 

Նա Աստծուն շնորհակալություն հայտնեց՝ ընթերցելով 29-րդ սաղմոսը («Սաղմոս Դավթի, Տաճարի, Նավակատիկի օրհնությունը»)։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում