Հայաստան

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ

2 րոպեի ընթերցում

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով փրկված և վերականգնողական փուլ անցած ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան 2 գորշ արջ հաջողությամբ վերադարձվել են վայրի բնություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տեսչական մարմնի աշխատակիցները 2025 թվականին Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի հարակից տարածքում մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված մոտ 8 ամսական քոթոթին, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն բնակավայրի հարակից տարածքում մոտ 7-8 ամսական հյուծված ու ծանր վիճակում հայտնաբերված քոթոթին հանձնել էին Հիմնադրամի Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։

Վերականգնողական կենտրոնում արջերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո և մարդու հետ նվազագույն շփմամբ իրականացված խնամքը թույլ է տվել պահպանել քոթոթների վայրի բնազդները, մարդու նկատմամբ զգուշավորությունն ու ինքնուրույն սնունդ հայթայթելու հմտությունները՝ նախապատրաստելով նրանց բնական միջավայր վերադառնալուն։

Կենդանիների անվտանգությունն ապահովելու և բնական միջավայրին նրանց հարմարվողականությունը գնահատելու նպատակով 2 արջերի պարանոցներին էլ ամրացվել են հատուկ արբանյակային տեղորոշման վզկապեր։ Դրանց միջոցով մասնագետները շուրջ մեկ տարի կիրականացնեն մշտադիտարկում՝ հետևելով կենդանիների տեղաշարժին, կերային տարածքների ընտրությանն ու վայրի բնության մեջ վարքագծին։

Բացթողման գործընթացն իրականացվել է Ծաղկունյաց լեռների հատվածում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության տարածքում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում