Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի ու համաժողովի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ ունեցած «Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին պաշտոնապես կազդարարվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի մեկնարկը։
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը։ Այս նախագծի շատ կարևոր մաս է էներգիան և էլեկտրաէներգիայի տարանցումը. մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ցանցերի հետ։ Այս առումով Հայաստանն արդեն կապակցված է Վրաստանի և Իրանի հետ։ Մենք ներդրումներ ենք անում, որ էլեկտրաէներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Սա շատ կարևոր և անհավատալի վերափոխում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի խորհրդարանը 63 կողմ և 32 դեմ ձայներով վավերացրել էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
Նոյեմբերի 12-ին էլ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։