Փաշինյանը հայտարարել է՝ նոր Սահմանադրությամբ առաջարկում են պատերազմի ԴՆԹ-ն փոխարինել խաղաղության, զարգացման և անկախության ԴՆԹ-ով
5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման գործընթացին դեմ հանդես եկող քաղաքական ուժերը հանդես են գալիս երկրի բովանդակության մեջ պատերազմի և կոնֆլիկտի ԴՆԹ-ն պաշտպանելու և պահպանելու տրամաբանությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին հայտարարել է Ազգային ժողովում ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում։
Նիկոլ Փաշինյանը իր պնդումը հիմնավորել է՝ հիշատակելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ օրեր առաջ արած հետևյալ հայտարարությունը՝ «Մենք ճանաչում ենք Արցախի Հանրապետությունը»։
«Ընդդիմությունը վերջին շրջանում և նույնիսկ վերջին օրերին ապացուցում է այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք։ Խոսքն այն մասին է, որ գործող Սահմանադրությունը և 1990 թվականի Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի, հակամարտության մասին են, և շատ կարևոր է խաղաղության օրակարգը որդեգրած ու այդ օրակարգը հաստատած Հայաստանի Հանրապետությունը դիրքավորել ոչ թե որպես կոնֆլիկտի, այլ որպես խաղաղության պետություն։ Ես նախորդ անգամ շատ պարզ հարց դրեցի՝ արդյոք «Հայաստան» դաշինքը հավատարի՞մ է Միացյալ Հայաստանի և պատմական հողերի ազատագրման տեսլականին, ինչպես իրենք են ասում։ Ես ձեզ համար նորություն ունեմ, «Դաշնակցություն» կուսակցության ծրագրի մեջ միացյալ Հայաստանը և պատմական հողերի ազատագրումն արձանագրված են որպես կուսակցության նպատակ և ծրագրային դրույթ (խմբ. «Դաշնակցություն»-ը «Հայաստան» դաշինքի մաս կազմող կուսակցություններից մեկն է)։ Հիմա ձեր պատգամավորը նոր ասում էր՝ բա իրավունք չունե՞նք երազել։ Իրավունք ունեք, բայց երբ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին ա երազում։ Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղից էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում։
Բա հարցնում եմ՝ Ղարաբաղյան շարժումը շարունակո՞ւմ եք. ընդամենը մի քանի օր առաջ էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտարարել, որ իրենք ճանաչում են Արցախի Հանրապետությունը։ Այսինքն, սա ինչի մասին է, սա հետևյալի մասին է, որ քաղաքական այս ուժերը, որոնք հանդես են գալիս նոր Սահմանադրության դեմ և խոսում են Անկախության հռչակագրի պաշտպանության և գործող Սահմանադրության պաշտպանության դիրքերից, հանդես են գալիս մեր երկրի բովանդակության մեջ պատերազմի և կոնֆլիկտի ԴՆԹ-ն պաշտպանելու և պահպանելու տրամաբանությամբ։ Ասում է՝ բա իրավունք չունենք երազել, իրավունք ունեք երազել, բայց այդ ձեր երազանքով դուք ուրիշին տալիս եք լեգիտիմություն ձեր երազանքը կասեցնելու, ընդ որում, տալիս եք նաև որոշակի լեգիտիմություն, որովհետև խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է»,- նշել է ՀՀ վարչապետը՝ շեշտելով, որ սա է մեծագույն հարցը, որին պետք է լուծում տալ։
Նա հավելել է, որ իրեն հաճախ են հիշեցնում իր՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության մասին։
«Պետք չի ինձ հիշեցնել, որ ասել եմ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ես ամեն ինչ հիշում եմ. տարբերությունը գիտեք ո՞րն է, որ դուք Ղարաբաղի շարժում ասելով դա օգտագործել եք ձեզ համար միլիոններ և միլիարդներ կուտակելու համար, իսկ ինձ համար Ղարաբաղի շարժումը եղել է իմ քաղաքական գիտակցության և արժեքային համակարգի մաս։ Ես գնացել եմ այդ խնդիրը տեսնելու, հասկանալու և լուծելու հետևից, գնացել եմ, ընդ որում, գնացել եմ մինչև վերջ և վերջում տեսել եմ, որ դա թակարդ է, որ, ի վերջո, ինչպես մեզ հետ շատ հաճախ պատահում է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ստիպված լինի հրաժարվել անկախությունից և պետականությունից իր գոյությունը պահպանելու համար։ Սրա մասին է խոսքը»,- ասել է ՀՀ վարչապետը
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախություն է հռչակել, սակայն սեպտեմբերի 22-ից սկսել է հրաժարվել անկախությունից՝ ամեն օր, քայլ-քայլ, տարի առ տարի։
Նրա խոսքով՝ Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու հանրաքվեն, որն առաջարկում է գործող իշխանությունը, միայն Սահմանադրության հանրաքվե չէ։
«Եվ իրականում այն հանրաքվեն, որն առաջարկվում է, այն ոչ միայն Սահմանադրության հանրաքվե է, այն նոր Սահմանադրության հանրաքվե լինելով՝ նաև անկախության հանրաքվե է, որովհետև մենք կոնֆլիկտի և ապապետականության ու պատերազմի ԴՆԹ-ն առաջարկում ենք փոխարինել խաղաղության, զարգացման, բարեկեցության, ազատության և անկախության ԴՆԹ-ով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։