Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում
4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոր Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմաններում. ԱԺ նախագահը իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ ՀՀ անկախության հռչակագրում խոսք է գնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանն այս մասին հայտարարել է նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում՝ անդրադառնալով նոր Սահմանադրության և Անկախության հռչակագրի շուրջ բանավեճին։
Ռուբինյանը նշել է, որ Հռչակագրով սկսվել է Հայաստանի անկախացման գործընթացը, իսկ անկախությունը հաստատվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։
ԱԺ նախագահը հիշեցրել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարել էր իր անկախության մասին, իսկ նրա բնակիչները չեն մասնակցել Հայաստանի անկախության և Սահմանադրության ընդունման հանրաքվեներին։
Ռուբինյանն ընդգծել է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
«Մենք ասում ենք՝ չենք ուզում դա ներառենք, որովհետև մենք ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը և չենք ուզում մեր Սահմանադրության նախաբանում ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ»»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով ընդդիմության՝ Հռչակագրին հղումը պահպանելու պահանջին՝ Ռուբինյանը հարցրել է, թե արդյոք դրա հիմքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման քաղաքական նպատակադրո՞ւմն է։
Միաժամանակ նա նշել է, որ նոր Սահմանադրությունում հղում չներառելը չի նշանակում Հռչակագրի՝ որպես պատմական փաստաթղթի վերացում։
«Դա չի նշանակում, որ Հռչակագիրը վերանում է, որովհետև Հռչակագիրը մեկանգամյա պատմական ակտ է․ մարդիկ հռչակել են, դա փաստ է»,- ասել է ԱԺ նախագահը։
Հայաստանի կառավարությունն առաջիկա օրերին կհրապարակի ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։ Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում բավարար ձայներ չունի, իսկ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն աջակցելու այդ գործընթացին՝ պնդելով, թե «Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը պարտադրված է Ադրբեջանի կողմից»։ Իսկ ընդդիմադիրների այս պնդման համար հիմք են Ադրբեջանից հնչող հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը և դրա նախաբանից չի հեռացրել հղումը Անկախության հռչակագրին, որում խոսք է գնում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Ադրբեջանը պնդում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում անելով՝ տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին։ Թեև հայկական կողմը բազմիցս հերքել է Ադրբեջանի այս պնդումները, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն էլ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա, Ադրբեջանը շարունակում է պնդել իր դիրքորոշումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, սակայն հերքել է պնդումները, թե սահմանադրական փոփոխությունները Հայաստանին պարտադրում է Ադրբեջանը։ Փաշինյանը հավաստիացրել է, որ նոր Սահմանադրության ընդունումը բացառապես Հայաստանի ներքին հարցն է, իսկ Ադրբեջանը չի կարող պահանջել, որպեսզի Հայաստանը Սահմանադրություն փոխի։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը բանակցությունների ժամանակ հայկական կողմին տեղյակ է պահել, որ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, եթե Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունը չարվի։