Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանը դատապարտում է քաղաքական գործիչների և լրագրողների ընտանիքի անդամների թիրախավորման դեպքերը

2 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանը դատապարտում է քաղաքական գործիչների և լրագրողների ընտանիքի անդամների թիրախավորման դեպքերը

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը քաղաքական գործիչների և լրագրողների ընտանիքի անդամների թիրախավորման դեպքերն անընդունելի է համարում՝ այն տարբերակելով մասնագիտական գործունեության քննադատությունից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է լրագրողների և պաշտոնյաների երեխաների հասցեին հրապարակային հայտարարությունների վերաբերյալ հարցին։

«Ընտանիքի անդամների թիրախավորումն անընդունելի բան է»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ լրագրողների աշխատանքի քննադատությունը համարում է իր իրավունքը, ինչպես լրագրողներն իրավունք ունեն քննադատելու իրեն՝ որպես քաղաքական գործչի։

«Խոսքը պրոֆեսիոնալ գործունեության թիրախավորման մասին է, որի իրավունքը ես ունեմ, նույն կերպ, ինչպես դուք իրավունք ունեք թիրախավորել ինձ՝ որպես քաղաքական գործչի։ Թիրախավորումն ինքնին վատ բան չի։ Այսինքն՝ թիրախավորումն ի՞նչ է․ ես ձեզ վերցրել եմ որպես քննադատության թիրախ, դուք էլ նույնը իմ հետ կարող եք անել»,- նշել է նա։

Միաժամանակ Ռուբինյանը դատապարտել է լրագրողների երեխաների և ընտանիքների թիրախավորումը։

«Առանց որևէ «իսկ»-ի և առանց որևէ «դե»-ի ես դատապարտում եմ և՛ ձեր, և՛ ձեր, և՛ ձեր՝ բոլոր ներկա լրագրողների երեխաների և ընտանիքի անդամների թիրախավորումը»,- ընդգծել է ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան վերաբերյալ հարցերին, հայտարարել էր, որ համացանցում թիրախավորում են նաև իր երեխային։ Նախարարը հիշատակել էր իր հասցեին գրված՝ «տարոսը քո երեխային» արտահայտությունը, ապա հուզվել և ավարտել ճեպազրույցը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում