Սևանա լիճ է բաց թողնվել 705 700 հատ «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ
1 րոպեի ընթերցում

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մանրաձկների բացթողումն իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։
«Սևանի իշխանի պաշարների վերականգնումը բնապահպանական առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր նման միջոցառում կարևոր քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից տեղեկացնում են, որ 2026 թվականին նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել ընդհանուր առմամբ 1 միլիոն մանրաձուկ։
«Շարունակվելու են հետևողական աշխատանքները՝ ուղղված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու վերականգնմանը»,-նշում է գերատեսչությունը։