Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Անթալիայում COP31-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը հանդիպումից մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Ներկայացրել եմ 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը։
Անդրադարձել եմ Երևանում կայացած COP17-ի արդյունքներին և համաժողովի կազմակերպման ու բազմակողմ բանակցությունների վարման ընթացքում ձեռք բերած փորձին ու հաջողություններին։
Ընդգծել եմ, որ COP34-ը հյուրընկալելու մեր նախաձեռնությունը նաև համաշխարհային կլիմայական գործողություններին նպաստելու հնարավորություն է։
Այս համատեքստում կարևորել եմ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կլիմայական ֆինանսավորման ուղղությամբ հանձնառությունների իրականացումը՝ առանձնացնելով լեռնային երկրների խոցելիությունն ու հարմարվողականության կարիքները։
Անդրադարձել եմ թեկնածության գործընթացի հետագա քայլերին՝ վերահաստատելով Արևելաեվրոպական խմբի անդամ երկրների և Կոնվենցիայի քարտուղարության հետ բաց ու կառուցողական համագործակցության մեր պատրաստակամությունը»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը։