ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP31 համաժողովի շրջանակում Թուրքիայի Անթալիա քաղաքում հանդիպել է Ֆիջիի տեղեկատվության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Լինդա Տաբույայի և շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության հարցերով մշտական քարտուղար Սիվենդրա Մայքլի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Համբարձում Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Շնորհակալություն եմ հայտնել COP17-ում Ֆիջիի ակտիվ ներգրավվածության և բարդ բանակցություններում համաձայնությունների հասնելուն նպաստելու համար։ Առանձնահատուկ գնահատել եմ Սիվենդրա Մայքլի ներդրումը՝ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և հայկական նախագահության աշխատանքներին աջակցելու գործում։
Ֆիջիի գործընկերները բարձր են գնահատել Հայաստանում COP17-ի կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև ընդունված որոշումները՝ հատկապես «Երևանյան ուղին»՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակների իրականացումն արագացնելու տեսանկյունից։
Քննարկել ենք կենսաբազմազանության պահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության շարունակման հնարավորությունները։ Ընդգծել եմ Երևանի որոշումների իրականացման համար համատեղ աշխատանքը շարունակելու մեր պատրաստակամությունը։
Անդրադարձել ենք նաև կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու և էկոհամակարգերի դիմակայունությունն ամրապնդելու հարցերին։ Ընդգծել եմ կլիմայական և կենսաբազմազանության նպատակները փոխկապակցված առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ֆինանսավորման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների հասանելիության միջոցով։
Կարևորել եմ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և անապատացման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի ամրապնդումը՝ դրանց շրջանակում իրականացվող գործողությունների փոխհամաձայնեցման և փոխլրացման միջոցով»,- գրել է նախարարը։