«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն
1 րոպեի ընթերցում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 10-ին արձանագրված` կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող` ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից՝ նշելով, որ ուսումնասիրության շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։
Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 10-ի առավոտյան մահացել է Արսեն Գևորգյանը, որը հոկտեմբերի 25-ի Ստեփանավանի ավագանու ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը։