ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերին մասնակցել է Փարիզում անցկացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար նախատեսված երկօրյա միջազգային աշխատաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի կանխարգելման ազգային մեխանիզմի համանախագահությամբ անցկացվող աշխատաժողովի նպատակն էր զարգացնել ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացման գործնական հմտությունները և խթանել եվրոպական երկրների կանխարգելման ազգային մեխանիզմների միջև փորձի փոխանակումը։

Քննարկումների առանցքում՝ առանձնազրույցների կամավորության, գաղտնիության և անվտանգության ապահովումը, տեղեկացված համաձայնությունը, վստահության ձևավորումը, ինչպես նաև հարցադրումների և ակտիվ լսելու արդյունավետ մեթոդները։ Հատուկ ուշադրություն է դարձվել անձի` առանձնազրույցի ընթացքում ազատ և անվտանգ խոսելուն՝ առանց ճնշումների կամ հետագայում իրենց հայտնած տեղեկությունների համար պատժվելու վախի՝ առաջնորդվելով «չվնասելու» սկզբունքով։

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, միգրանտների, ապաստան հայցողների և խոցելի իրավիճակում գտնվող այլ անձանց կարիքներին համապատասխան առանձնազրույցների մեթոդների կիրառմանը։

Ծրագիրը ներառում էր փորձագիտական քննարկումներ, իրավիճակային խնդիրներ, դերային վարժություններ և խմբային աշխատանքներ։ Մասնակիցները քննարկել են առանձնազրույցների միջոցով ստացված տեղեկությունների պատշաճ փաստագրման, տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման և վերլուծության, համակարգային ռիսկերի բացահայտման ու հիմնավորված առաջարկությունների մշակման մոտեցումները։

ՄԻՊ աշխատակազմի մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում