Հայաստան

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

3 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանը հավաստագրեր է հանձնել ՀՀ ՄԻՊ հաստատության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկաններին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 29-ին ներկա է գտնվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համատեղ կազմակերպած եռօրյա վերապատրաստման դասընթացի ամփոփիչ միջոցառմանը և հավաստագրեր է հանձնել վերապատրաստման դասընթացի մասնակից ոստիկանության ծառայողներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իարվունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Դասընթացը նախատեսված էր ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հրամանատարական կազմի համար և կրում էր «Հավաքների իրականացման համակարգումը (ոստիկանության գործունեությունը) մարդու իրավունքներին համապատասխան» խորագիրը։

Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է, որ, չնայած տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին, դեռևս առկա են խնդիրներ խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորման տեսանկյունից։

Պաշտպանը կարևորել է այդ առումով ոստիկանության ծառայողների գիտելիքների և հմտությունների շարունակական կատարելագործումը, ոլորտում առկա՝ մարդու իրավունքներին առնչվող խնդիրների հաղթահարումը։ Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծել է նաև ոստիկանների համար ծառայության պատշաճ և բարենպաստ պայմանների ապահովման կարևորությունը։

Չնայած ոլորտի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի քննադատական դիրքորոշումներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՀՀ ներքին գործերի նախարարության հետ կայուն և արդյունավետ գործընկերության առկայությունը։

Այս համատեքստում Պաշտպանը շեշտել է, օրինակ, 2025 թվականին պետական մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների կատարման բարձր ցուցանիշը՝ շեշտադրելով ՆԳՆ կողմից համակարգային բնույթի առաջարկների կատարման ցուցանիշների բարձրացումը։

Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության և դասընթացը համատեղ կազմակերպելու համար։

Դասընթացի ավարտին մասնակից ոստիկանության ծառայողներին հանձնվել են հավաստագրեր։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը և հավաքների ընթացքում մարդու իրավունքների չափանիշների հետևողական պահպանումը՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի լիարժեք իրացումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում