Հայաստան

Անահիտ Մանասյանը Ավստրալիայում մասնակցել է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին

3 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանը Ավստրալիայում մասնակցել է զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին

Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 20-21-ը Սիդնեյում անցկացվող Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների 18-րդ միջազգային համաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Համաժողովը կազմակերպվել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) և Ավստրալիայի պաշտպանության ուժերի գլխավոր տեսուչի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ՝ «Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունները փոփոխվող աշխարհառազմավարական միջավայրում» խորագրի ներքո։

Միջոցառումը համախմբել էր տարբեր երկրների օմբուդսմանական հաստատությունների, պաշտպանության ոլորտում վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմինների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների՝ փորձի փոխանակման, համագործակցության ամրապնդման և զինված ուժերում անկախ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով։

Համաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել Ավստրալիայի պաշտպանության ոլորտի անձնակազմի և վետերանների հարցերով նախարար Մեթ Քիոն, Ավստրալիայի պաշտպանության ուժերի գլխավոր տեսուչ Ջեյմս Գեյնորը և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) տնօրեն, դեսպան Նատալի Շուարը։

Համաժողովի օրակարգում ընդգրկված էին անվտանգության միջավայրի փոփոխությունների պայմաններում զինծառայողների իրավունքների պաշտպանության, ծառայության պայմանների, բժշկական և հոգեբանական աջակցության հասանելիության, ինչպես նաև զինծառայողների ու նրանց ընտանիքների բարեկեցության ապահովմանն առնչվող հարցեր։

Առանձին քննարկումներ են տեղի ունեցել ռազմական ոլորտում արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների կիրառման հետևանքով առաջացող մարտահրավերների, հրամանների օրինականության, միջազգային մարդասիրական իրավունքի պահպանման և զինված ուժերում հաշվետվողականության ապահովման գործում օմբուդսմանական հաստատությունների դերի վերաբերյալ։

Համաժողովը կարևոր հարթակ է` քննարկելու օմբուդսմանական հաստատությունների միջազգային համագործակցության ընդլայնման, անկախության ամրապնդման և իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի զարգացման ուղիները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում