Իրավունք

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

4 րոպեի ընթերցում

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվել են տեսանյութեր և տարբեր հրապարակումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքերին անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում շրջանառվող տեսանյութերում ներկայացվածը։

ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Պաշտպանը դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում որակում է բացարձակապես անթույլատրելի ու շեշտում, որ նման դրսևորումները պետք է բացառվեն։

«Դպրոցը երեխայի համար պետք է լինի անվտանգ և պաշտպանված միջավայր, իսկ երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնության գործադրումը կամ որևէ այլ ձևով ոչ պատշաճ վերաբերմունքը որևէ պարագայում չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանը մտահոգությամբ արձանագրում է նաև, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ստանալ դպրոցական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր, ինչը վկայում է այն մասին, որ երեխաների պաշտպանությունը պետք է դրսևորվի ոչ միայն առանձին դեպքերին արձագանքելու, այլև բռնության հնարավոր դրսևորումներին ժամանակին արձագանքելու, դրանք կանխելու և բացառելու ուղղությամբ հետևողական և գործուն աշխատանքի միջոցով։

Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշներով նախատեսված՝ սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողի պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը։

Պաշտպանն ընդգծում է, որ նման մեխանիզմների արդյունավետությունը պետք է գնահատվի առաջին հերթին դրանց գործնական կիրառմամբ։

Միաժամանակ, դպրոցներում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ տարածված տեսանյութերի համատեքստում Պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է երեխաներին վերաբերող տեսանյութերի և այլ հրապարակումների տարածման հարցում առանձնահատուկ զգուշավորության անհրաժեշտությունը։

Հատկանշական է, որ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ընդգծել է, որ երեխայի վերաբերյալ ցանկացած հրապարակում, այդ թվում՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից, չի վերացնում երեխայի անձնական կյանքի, արժանապատվության և լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությունը։ Առավել մտահոգիչ է, երբ նման հրապարակումներին հաջորդում են երեխային թիրախավորող կամ բռնությունն արդարացնող արձագանքներ, ինչն անընդունելի է։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից նման դեպքերի հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզումը, անհրաժեշտ ընթացակարգերի պատշաճ իրականացումը և համապատասխան իրավական գնահատականի ապահովումը։

Սույն դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում