Հայաստան

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման համար առանցքային են վստահությունն ու երկարաժամկետ համագործակցությունը. միջազգային փորձագետներ

7 րոպեի ընթերցում

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման համար առանցքային են վստահությունն ու երկարաժամկետ համագործակցությունը. միջազգային փորձագետներ

Անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման գործընթացում անհրաժեշտ են վստահության ամրապնդում, փաստերի վրա հիմնված տեղեկատվության հավաքագրում, ընտանիքների ներգրավվածություն և միջազգային համագործակցություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս հարցերը քննարկվել են  «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի պանելային քննարկման ընթացքում, որի մասնակիցներն անդրադարձել են խնդրի ծավալներին, պատմական և վիճակագրական պատկերին, ինչպես նաև անհայտ կորածների ճակատագիրն ու գտնվելու վայրը պարզելու իրավական և տեխնիկական մարտահրավերներին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորեց խաղաղության գործընթացի շրջանակում մարդասիրական խնդիրների լուծումը՝ ընդգծելով, որ դրանք պահանջում են համակարգային մոտեցում և գործնական քայլեր։ Նրա խոսքով՝ խնդիրը պետք է դիտարկել երկու հիմնական հարթությունում՝ ներպետական և միջպետական համագործակցության, այդ թվում՝ միջազգային ներգրավվածության համատեքստում։

ՀՀ ՄԻՊ-ը շեշտեց, որ խաղաղությունը կարևոր հանրային շահ է, սակայն այդ գործընթացում անհատական իրավունքներին, անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև այլ պետություններում ազատազրկված քաղաքացիներին վերաբերող հարցերը չպետք է երկրորդական նշանակություն ստանան։ Նա կարևորեց նաև պետական պաշտոնյաների զգայուն հանրային հաղորդակցությունն ու ազգային կամ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության խոսքի բացառումը, որը կարող է խաթարել փոխադարձ վստահության մթնոլորտը։

«Վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր է միայն մարդասիրական խնդիրները լուծելու համատեքստում։ Ընդ որում, այս փուլում չեմ խոսում այն մասին, որ խնդիրները հնարավոր է լուծել ընդամենը մեկ գիշերվա ընթացքում, քանի որ դրանք համակարգային լուծումներ պահանջող խնդիրներ են։ Բայց առնվազն մենք պետք է կարողանանք ցույց տալ, որ մարդասիրական խնդիրների լուծման ուղղությամբ իրական քայլեր են ձեռնարկվում, և դրանք որոշակի փուլերում պետք է տան իրենց հստակ արդյունքները»,-նշեց  Անահիտ Մանասյանը։

Կիպրոսում անհայտ կորած անձանց հարցերով կոմիտեում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Պիեռ Ջենտիլեն (Pierre Gentile), ներկայացնելով Կիպրոսի փորձը, ընդգծեց անհայտ կորածների ընտանիքների հետ վստահության ձևավորման և նրանց որոնողական գործընթացներում ներգրավելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ վստահության ձևավորումը երկարատև աշխատանք է, որը պահանջում է պարբերական հանդիպումներ, թափանցիկություն և տեղեկատվության փոխանակում։ Կիպրոսում գործում են ընտանիքների միություններ, որոնցում երկու համայնքների ներկայացուցիչները համատեղ մասնակցում են որոնողական աշխատանքներին։

Ջենտիլեն նաև կարևորեց մարդասիրական որոնման, մասունքների հայտնաբերման և նույնականացման գործընթացները հաշվետվողականության մեխանիզմներից տարանջատելը՝ ընդգծելով, որ երկու ուղղություններն էլ կարևոր են, սակայն ունեն տարբեր գործառույթներ։

«Շատ կարևոր է ունենալ մեխանիզմ, որը կլինի երկարաժամկետ, մեխանիզմ, որը կմնա 10 տարուց, 15 տարուց և կշարունակի գործել, քանի որ հենց այդպիսի ժամկետների մասին ենք խոսում, եթե ոչ՝ ավելի երկար։ Կիպրոսի օրինակով՝ այդ իրադարձություններից անցել է 50-60 տարի։ Սա շատ երկարաժամկետ գործընթաց է, և պետք է այդպես էլ աշխատել»,-նշեց Պիեռ Ջենտիլեն՝ կարևորելով նաև նման մեխանիզմների կայուն քաղաքական և ֆինանսական աջակցությունը։

Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) քաղաքականության և համագործակցության տնօրեն Անդրեաս Կլայզերը (Andreas Kleiser) կարևորեց փաստերի վրա հիմնված տեղեկատվության հավաքագրումն ու ստուգումը՝ ընդգծելով, որ անհայտ կորածների ընդհանուր թվի շուրջ համաձայնության հասնելու փորձերը միշտ չէ, որ նպաստում են խնդրի լուծմանը։ Նրա խոսքով՝ տարբեր պետական և միջազգային կառույցներ ունեն տարբեր լիազորություններ ու նպատակներ, ինչի հետևանքով նրանց ներկայացրած տվյալները կարող են տարբերվել։ Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվության ստուգման մեխանիզմ, որը հնարավորություն կտա նաև անհայտ կորածների ընտանիքներին ծանոթանալ առկա տվյալներին, հարցեր բարձրացնել և մասնակցել դրանց ճշգրտմանը։

«Ինչ վերաբերում է թվերին, ապա առաջնահերթ պետք է լինի փաստերով հաստատվող տեղեկություն ստանալը։ Դա ավելի կարևոր է, քան թիվը համաձայնեցնելը։ Շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ փորձ է արվում բանակցությունների միջոցով համաձայնեցնել ընդհանուր թիվը, ինչը որևէ մեկի համար օգտակար չէ»,-ընդգծեց Անդրեաս Կլայզերը՝ հավելելով, որ գործընթացի պատասխանատու կառույցներն իրենք պետք է լինեն վստահելի և արժանանան ընտանիքների վստահությանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Եվրասիայի տարածաշրջանի գործառնական համակարգող Դենա Ֆիշերը (Dena Fisher), ներկայացնելով կազմակերպության մարդասիրական մոտեցումն անհայտ կորած անձանց որոնման հարցում, նշեց, որ  ԿԽՄԿ-ն իր աշխատանքն իրականացնում է իրավասու պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ։

Նրա խոսքով՝ կազմակերպության առանձնահատուկ մանդատն ու հակամարտության գոտիներում աշխատելու փորձը հնարավորություն են տալիս հասանելիություն ունենալ այնպիսի վայրերի և տեղեկատվության աղբյուրների, որոնք երբեմն անհասանելի են ընտանիքներին։ Ֆիշերը նաև շեշտեց, որ հակամարտության ակտիվ փուլից հետո ԿԽՄԿ-ի աշխատանքն ուղղված է ընտանիքների երկարաժամկետ կարիքներին, այդ թվում՝ տնտեսական, հոգեբանական, իրավական և վարչական խնդիրների հաղթահարմանը։

«ԿԽՄԿ-ի մոտեցումն առաջին հերթին մարդասիրական է։ Մեր աշխատանքը սկիզբ է առնում ընտանիքներից ստացվող հարցումներով և իրականում վերաբերում է այդ ընտանիքների կարիքներին՝ իրենց անհայտ կորած հարազատների որոնման տարբեր փուլերում։ Մեր աշխատանքը միշտ իրականացվում է նաև սերտորեն համակարգելով այն իշխանությունների և իրավասու պետական մարմինների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով»,-նշեց  Դենա Ֆիշերը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում