Քրեակատարողական համակարգի բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ․ ՄԻՊ
5 րոպեի ընթերցում

Քրեակատարողական համակարգի բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ՝ իր նկատմամբ վերաբերմունքի, բուժօգնության հասանելիության, պահման պայմանների, կրթության, աշխատանքի և ընտանիքի հետ կապը պահպանելու հնարավորությունների միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ Քրեակատարողական ծառայության կազմավորման 107-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում։

Ուղերձը նոյեմբերի 13-ին «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական ծառայություն» խորագրով միջոցառման մեկնարկին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը։
Մանասյանն ընդգծել է, որ համակարգի արդիականացումը ենթադրում է նաև մտածելակերպի ու ամենօրյա աշխատանքի փոփոխություն։
«Մշտապես եմ շեշտադրում, որ հնարավոր չէ կառուցել նոր համակարգ՝ հին մոտեցումներով։ Այսօր էլ համոզված եմ, որ քրեակատարողական համակարգի արդիականացումը պահանջում է մտածելակերպի, մասնագիտական մշակույթի և ամենօրյա գործելակերպի փոփոխություն։ Բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր անձ՝ իր նկատմամբ վերաբերմունքի, առողջապահական ծառայությունների հասանելիության, պահման պայմանների, կրթության, աշխատանքի և ընտանիքի հետ կապը պահպանելու հնարավորությունների միջոցով»,- նշված է ուղերձում։

Պաշտպանը կարևորել է Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության հետ գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ համագործակցությունը պետք է հանգեցնի արձանագրված խնդիրների ժամանակին լուծմանը։
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր համագործակցության արդյունավետությունը պետք է արտահայտվի արձանագրված խնդիրներին տրվող ժամանակին արձագանքով և ազատությունից զրկված անձանց կյանքում տեսանելի փոփոխություններով»,- ընդգծել է Մանասյանը։
Անդրադառնալով վերասոցիալականացմանը՝ նա անհրաժեշտ է համարել անհատական մոտեցումը՝ յուրաքանչյուր անձի կարիքները, կարողություններն ու դժվարությունները հաշվի առնելով։ Կրթությունը, մասնագիտական հմտությունների զարգացումը, զբաղվածությունը, հոգեբանական և սոցիալական աջակցությունը պետք է իրական հնարավորություն ստեղծեն հասարակություն վերադարձին պատրաստվելու համար։

Մանասյանը ողջունել է նաև աշխատաժողովի շրջանակում ազատությունից զրկված անձանց մասնակցությամբ քննարկման անցկացումը։
«Նրանց փորձառությունն ու բարձրաձայնած հարցերը կարևոր են բարեփոխումների ուղղությունները որոշելու և իրականացվող քայլերի արդյունքը գնահատելու համար։ Մարդուն վերաբերող որոշումներում նրա ձայնը լսելի դարձնելը մասնակցային և իրավունքահեն մոտեցման էական պայման է»,- ասված է ուղերձում։
Պաշտպանը համակարգի բարեփոխումները կապել է նաև ծառայողների շարունակական վերապատրաստման և աշխատանքային պայմանների բարելավման հետ։
«Ծառայողը պետք է ունենա անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ բարդ իրավիճակներում իրավաչափ որոշումներ ընդունելու, լարվածությունը նվազեցնելու, բռնությունը կանխելու և խոցելի իրավիճակում գտնվող անձանց կարիքները ճանաչելու համար։ Այս նպատակներին հասնելը պահանջում է նաև ծառայողների արժանապատիվ աշխատանքային պայմաններ, պատշաճ վարձատրություն և մասնագիտական աջակցություն»,- նշել է Մանասյանը։
Նա կարևորել է միջոցառման շրջանակում կազմակերպված աշխատանքի տոնավաճառն ու ազատությունից զրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը՝ անհրաժեշտ համարելով նման նախաձեռնությունների շարունակությունը կայուն համագործակցության և զբաղվածության իրական հնարավորությունների ձևաչափով։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, իսկ Քրեակատարողական ծառայության աշխատանքներն ու գործունեության հիմնական ուղղությունները ներկայացրել է ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։

Պանելային քննարկումներից մեկին՝ «Ծառայողների կարողությունների զարգացումը համակարգային բարեփոխումների համատեքստում» թեմայով, մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։