Հայաստան

Հայաստանում ձերբակալման վայրից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ձերբակալման վայրից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ օտարերկրյա քաղաքացին ձերբակալման վայրից փախուստի է դիմել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ՊԵԿ-ը կարևորում է հանրությանը դեպքերի վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը:

«Միևնույն ժամանակ, ցավալի է, երբ առանձին լրատվամիջոցներ, դեպքի ամբողջական հանգամանքները չներկայացնելով, հանրությանն են փոխանցում միակողմանի տեղեկատվություն՝ անտեսելով նաև իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները։

Մասնավորապես, որոշ լրատվամիջոցներում դատարանի որոշմամբ կալանավորված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու փախուստի վերաբերյալ տարածվել են ոչ ամբողջական տեղեկություններ՝ չնշելով, որ փախուստի դիմած քաղաքացին կարճ ժամանակ անց հայտնաբերվել է հենց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողության արդյունքում։

Դեպքի` միայն առանձին դրվագների ներկայացումը կարող է թյուր պատկերացում ձևավորել տեղի ունեցածի և իրավասու մարմինների ձեռնարկած գործողությունների վերաբերյալ։

Նման իրավիճակներում լրատվամիջոցների մասնագիտական պարտականությունն է հրապարակումից առաջ ճշտել դեպքի ամբողջական հանգամանքները՝ դիմելով համապատասխան մարմիններին, և հանրությանը ներկայացնել հավաստի ու բազմակողմանի տեղեկատվություն»,– հայտնել են ՊԵԿից՝ ներկայացնելով դեպքի ամբողջական նկարագրությունը։

Ըստ հաղորդագրության՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 19։00-ի սահմաններում մաքսային հսկողության շրջանակներում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան։ Բեռնատարի զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի համապատասխան որոշմամբ կալանավորվել։

Քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում 2026 թվականի նոյեմբերի 6-ին`ժամը 22։00-ի սահմաններում, վերջինս դիմել է փախուստի։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, փախուստի դիմած կալանավորված անձը՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ն, հայտնաբերվել է, տեղափոխվել ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում