Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Ihlas Haber-ը։ Հաղորդվում է, որ Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։
Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։
Նշվում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։