Տնտեսություն

Հայաստանը միանում է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին. ի՞նչ կփոխվի հայկական համակարգում

8 րոպեի ընթերցում

Հայաստանը միանում է ԵՄ մաքսային և հարկային ծրագրերին. ի՞նչ կփոխվի հայկական համակարգում

Հայաստանի և Եվրոպական միության միջև նոյեմբերի 12-ին ստորագրվեցին հերթական երկու կարևոր փաստաթղթերը, որոնք նախատեսում են խորացնել համագործակցությունը մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետությանը ներգրավելով ԵՄ «Customs» և «Fiscalis» ծրագրերում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի Բեռլայմոնտի շենքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և Եվրոպական հանձնաժողովի կլիմայի, ածխածնային չեզոքության և մաքուր աճի հարցերով հանձնակատար Վոպկե Հուկստրան ստորագրեցին երկկողմ համաձայնագրերը։

Փաստաթղթերը նպատակ ունեն արդիականացնել հայկական մաքսային և հարկային համակարգերը, նպաստել եվրոպական փորձի ներդրմանը, զարգացնել թվային կարողությունները և ընդլայնել միջազգային տեղեկատվական փոխանակումը։

Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար Վոպկե Հուկստրան, մեկնաբանելով համաձայնագրերի ստորագրումը, նշել է, որ Հայաստանի մասնակցությունը երկու ծրագրերին կարևոր առաջընթաց է մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության խորացման համար։

«Հայաստանն այսուհետ հնարավորություն կունենա ավելի սերտորեն համագործակցել ԵՄ մաքսային և հարկային մարմինների հետ, ինչպես նաև օգտվել վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման լայն հնարավորություններից։ Այս ամենը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ կապերն ամրապնդելու ձգտումը, քանի որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է»,-նշել է Հուկստրան։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի համար համագործակցության երեք հիմնական ուղղություն է առանձնացրել։

Առաջինը փորձի փոխանակումն ու մասնագիտական կարողությունների զարգացումն է։ Նրա խոսքով՝ ծրագրերը հարթակ են, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչները կարող են կիսվել իրենց փորձով, սովորել միմյանցից և զարգացնել իրենց կարողությունները։ Հայաստանի համար սա հնարավորություն է՝ ուսումնասիրելու եվրոպական չափանիշները, ծանոթանալու ԵՄ երկրներում կիրառվող թվային համակարգերին և հասկանալու, թե դրանցից որոնք կարող են ներդրվել Հայաստանում։ Հայկական կողմն էլ պատրաստ է կիսվել սեփական փորձով։

Երկրորդ ուղղությունը ոլորտային փորձագիտական համագործակցությունն է․ փորձագետները կայցելեն տարբեր երկրներ, տեղում կուսումնասիրեն իրավիճակը և աջակցություն կցուցաբերեն համապատասխան ոլորտների զարգացմանը։ Հայաստանը նույնպես նախատեսում է օգտվել այդ հնարավորություններից։

Երրորդ և բիզնեսի համար, թերևս, ամենակարևոր ուղղությունը եվրոպական տրանզիտային համակարգին միանալու հնարավորությունն է։ Հակոբյանի խոսքով՝ դա թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ապրանքների տեղաշարժը Հայաստանի և ԵՄ-ի միջև, հեշտացնել սահմանների հատումը և արագացնել առևտուրը։ Հայկական կողմը պատրաստվում է ուսումնասիրել համակարգի աշխատանքի սկզբունքներն ու դրան հնարավորինս արագ միանալու անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանից Եվրոպա արտահանողներն ու Եվրոպայից Հայաստան ներմուծողներն ավելի շուտ զգան դրա դրական ազդեցությունը։

ԵՄ «Customs» ծրագիրը սահմանված է ԵՄ 2021/444 կանոնակարգով և նախատեսված է ԵՄ անդամ ու ոչ անդամ երկրների մաքսային մարմինների համագործակցության համար։ Ծրագրի հիմնական նպատակն է պաշտպանել ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ֆինանսական ու տնտեսական շահերը, ապահովել անվտանգությունը և պայքարել ապօրինի առևտրի դեմ՝ միաժամանակ խթանելով օրինական բիզնես գործունեությունը։

Հայաստանի մասնակցությունը նախատեսում է մաքսային օրենսդրության և վարչարարության կատարելագործում, ռիսկերի կառավարման մեխանիզմների զարգացում, թվային գործընթացների ընդլայնում և ԵՄ գործընկեր մարմինների հետ համագործակցության խորացում։

Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցել համատեղ նախագծերի, մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման, ուսումնասիրությունների և նորարարական նախաձեռնությունների, այդ թվում՝ պիլոտային նախագծերի ու տեղեկատվական համակարգերի փոխգործակցության զարգացմանը։

Ծրագրին մասնակցությունը ենթադրում է Հայաստանի ֆինանսական ներդրում՝ գործառնական ներդրման և մասնակցության վճարի տեսքով։ Փաստաթղթի համաձայն՝ գործառնական ներդրման հաշվարկը հիմնված է ծրագրի բյուջեի և Հայաստանի ՀՆԱ-ի հարաբերակցության վրա, միաժամանակ նախատեսվում է 80 տոկոս զեղչ։ Ծրագրի դրամաշնորհները կարող են ուղղվել մաքսային վարչարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների զարգացմանը։

Երկրորդ՝ «Fiscalis» ծրագիրը սահմանված է ԵՄ 2021/847 կանոնակարգով և ուղղված է հարկային մարմինների միջև համագործակցության զարգացմանը։

Ծրագրի նպատակն է բարելավել ներքին շուկայի գործունեությունը, խթանել արդար մրցակցությունը, պայքարել հարկային խարդախությունների և հարկերից խուսափելու դեմ, ինչպես նաև նպաստել հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացմանը։ Հայաստանի մասնակցությունը հնարավորություն կտա զարգացնել հարկային վարչարարությունը, օգտվել եվրոպական տեղեկատվական համակարգերից, ընդլայնել հարկային տվյալների փոխանակումը և վերապատրաստել հարկային ծառայողներին։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են համատեղ նախագծեր, մասնագիտական ուսուցումներ, փորձի փոխանակում և պիլոտային նախաձեռնություններ։ Մասնակից երկրները կարող են ընտրել իրենց առաջնահերթություններին համապատասխան գործողությունները՝ բազմամյա աշխատանքային ծրագրերի հիման վրա, իսկ տեխնիկական աջակցության տրամադրումը կախված է նաև Եվրոպական հանձնաժողովի քաղաքական առաջնահերթություններից։

Երկու ծրագրերի ընդհանուր տրամաբանությունը ենթադրում է Հայաստանի մաքսային և հարկային համակարգերի ավելի խորը ինտեգրում եվրոպական համագործակցության մեխանիզմներին։

Մի կողմից խոսքը մաքսային ընթացակարգերի թափանցիկության և կանխատեսելիության բարձրացման, օրինական առևտրի պարզեցման և ռիսկերի կառավարման բարելավման մասին է, մյուս կողմից՝ հարկային տեղեկատվության փոխանակման, հարկային խարդախությունների բացահայտման և հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացման։

Հատկապես կարևոր է լինելու եվրոպական տրանզիտային համակարգին հնարավոր միացումը, որը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության վրա՝ հեշտացնելով ներմուծման և արտահանման գործընթացները։

Հետևաբար, առանցքային է դառնում ոչ միայն Հայաստանի մասնակցության փաստը, այլև այն, թե ինչպես են այս հնարավորությունները վերածվելու գործնական արդյունքների։ Համագործակցության արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն ստորագրված համաձայնագրերով կամ իրականացված վերապատրաստումներով, այլև այն իրական փոփոխություններով, որոնք կզգան տնտեսվարողները և քաղաքացիները՝ ավելի պարզեցված մաքսային ընթացակարգերի, արագացված առևտրի և բարելավված հարկային վարչարարության տեսքով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում