Տնտեսություն

Հայաստանի՝ Միջին միջանցքին ինտեգրումը կհանգեցնի ՀՆԱ-ի և զբաղվածության ցուցանիշների ավելացման․ անդրադարձ Համաշխարհային բանկի զեկույցին

6 րոպեի ընթերցում

Հայաստանի՝ Միջին միջանցքին ինտեգրումը կհանգեցնի ՀՆԱ-ի և զբաղվածության ցուցանիշների ավելացման․ անդրադարձ Համաշխարհային բանկի զեկույցին

Միջին միջանցքին (Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) ինտեգրվելու արդյունքում Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշը մինչև 2040 թվականը կարող է ավելանալ 3,40 տոկոսով, իսկ զբաղվածությանը՝ 3,90 տոկոսով։ Այս կանխատեսումները ներկայացվել են Համաշխարհային բանկի հրապարակած Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարական զեկույցում։

Համաշխարհային բանկի զեկույցում առանձնահատուկ շեշտադրվում է, որ Հայաստանը ռազմավարական նպաստավոր դիրք ունի՝ տարածաշրջանային կապակցվածության և միջազգային առևտրի մեջ իր դերը բարձրացնելու համար: Զեկույցում կարևորվում է, որ Հայաստանի կառավարությունը 2023 թվականին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և բարգավաճման հասնել՝ «Հայաստանի և նրա հարևանների միջև ուղիղ առևտրային, տրանսպորտային և հաղորդակցական կապերի միջոցով»:  

«Արմենպրես»-ի թղթակիցը ներկայացված զեկույցում Հայաստանին վերաբերող կանխատեսումների մասին զրուցել է Հայաստանի ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանի հետ։ Նրա խոսքով՝ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին ինտեգրումն առաջնահերթ կհանգեցնի առևտրային ծախսերի կրճատման, ինչը տնտեսական օգուտներ կբերի Հայաստանին։

«Երբ երկիրը դառնում է համաշխարհային տրանսպորտային ցանցի մաս, դա ենթադրում է ներդրումային գրավչություն, ինչ էլ իր հերթին հանգեցնելու է արտադրության աճի։ Բացի այդ, տրանսպորտային ցանցը և հանգույցները չեն գործելու վակուումում, դրանց շուրջ տնտեսական գործունեություն է ծավալվելու։ Բեռնահոսքերը և դրանցով պայմանավորված տնտեսական գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ են լինելու տարբեր տեսակի ծառայություններ, որոնք ևս նպաստելու են տնտեսության զարգացմանը»,- նշել է Արշալույս Հարությունյանը։

Զեկույցում նաև ընդգծվում է, որ Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները (կազմում են Հայաստանի ցամաքային սահմանների մոտ 83 տոկոսը) տասնամյակներ շարունակ փակ են եղել, բեռնափոխադրումները հիմնականում իրականացվել են Վրաստանի տարածքով։ Առանձնահատուկ շեշտվում է տրանսպորտային համակարգերի, երթուղիների և փոխադրամիջոցների դիվերսիֆիկացման կարևորությունը՝ երկարաժամկետ տնտեսական կայունություն ապահովելու համար։ Նշվում է, որ Հայաստանի առևտուրը խիստ կենտրոնացած է սահմանափակ թվով երթուղիների վրա։ 2023 թվականին Հայաստանի ընդհանուր առևտրի ավելի քան 80 տոկոսն իրականացվել է ցամաքային (ավտոմոբիլային) ճանապարհով, ընդ որում՝ այդ ծավալի ավելի քան 65 տոկոսը՝ շուրջ 3,3 միլիոն տոննա, անցել է բացառապես Վրաստանի տարածքով։ Վրաստանի հետ երկաթուղային կապի միջոցով փոխադրվել է ևս 1,1 միլիոն տոննա բեռ։ Ծովային առևտուրը, որը հիմնականում իրականացվում է վրացական նավահանգիստների միջոցով, կազմել է 2,4 միլիոն տոննա։  

Անդրադառնալով արտահանումների և ներմուծումների հետ կապված Հայաստանի լոգիստիկ խնդրին՝ Արշալույս Հարությունյանը կարևորել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անվանումը ստացած բազմամոդալ տարանցիկ ուղին կանցնի Հայաստանի հարավով (Սյունիքի մարզով)։ Ֆինանսների նախարարության պաշտոնյայի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ը զգալիորեն կդիվերսիֆիկացնի Հայաստանի լոգիստիկ համակարգը։

«Համաշխարհային բանկի այս զեկույցում նշվում է, որ Միջին միջանցքի լիակատար գործունեության համար անհրաժեշտ են 25 միլիարդ դոլարի լրացուցիչ ներդրումներ՝ 16 առաջնահերթ ուղղությունների համար։ Հատկանշական է, որ այդ 16 ուղղություններից մեկը Հայաստանի հարավով անցնելիք երկաթուղային ցանցն է։ Զեկույցում այս ցանցի իրագործումը գնահատվում է 2,7 միլիարդ դոլար։

Զեկույցում նաև նշվում է, որ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի լիակատար գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ են նաև 30 միլիարդ դոլարի ներդրումներ՝ տնտեսական ակտիվությունը խթանելու համար։ Լրացուցիչ տնտեսական գործունեության համար նախատեսված ներդրումների շուրջ 66 տոկոսը կարող են իրականացնել մասնավոր հատվածի ներկայացուցիչները»,- ընդգծել է Արշալույս Հարությունյանը։

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ Միջին միջանցքին ինտեգրվելու համար ոչ միայն կարևոր է ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, այլև պետք է այդ միջանցքում ներգրավված երկրների հետ ունենալ թվային փոխգործակցություն, ինչի միջոցով կիրականացվեն կանոնավոր բեռնափոխադրումները։

Զեկույցում նաև ընդգծվում է, որ առանցքային երթուղիների վերականգնման, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային անցակետերի գործարկման միջոցով Հայաստանը կարող է վերականգնել հասանելիությունը դեպի երկաթուղային և ավտոճանապարհային բազմազան միջանցքներ։

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ այդ կապերը ոչ միայն կամրապնդեն Հայաստանի առևտրային կայունությունը, այլև կմեծացնեն երկրի դերակատարումը տարածաշրջանային տրանսպորտային համակարգերում, ինչն էլ կնպաստի ներդրումների ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Նարեկ Առուշանյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում