Մշակույթ

Երևանում կկայանա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը

3 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը

Երևանում կկայանա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը։ Այն տեղի կունենա ՀԲԸՄ-ում նոյեմբերի 21-ին, ժամը 14։30, և կկրի «Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր» խորագիրը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆորումը կհամախմբի միջազգային ջազ ակումբների, մշակութային կազմակերպությունների, միջազգային մասնագիտական ցանցերի և դիվանագիտական ներկայացուցիչների քննարկելու ակումբային փոխանակումների, երաժիշտների միջազգային շարժունության և երկարաժամկետ գործընկերությունների զարգացման հնարավորությունները։Մասնակցությունը բաց է բոլոր հետաքրքրվողների համար:

Միջոցառմամբ կներկայացվի Երևանում JCEP-ը՝ Jazz Clubs Exchange Platform-ը, որի համահիմնադիրն է Ուլիխանյան ջազ ակումբը։ Հարթակը միջազգային գործընկեր ակումբներին հնարավորություն է տալիս փոխադարձաբար հյուրընկալելու երաժիշտների, կիսվելու մասնագիտական փորձով և ձևավորելու կայուն միջսահմանային համագործակցություն։ JCEP-ը նպատակ ունի ընդլայնելու Հայաստանի ջազային համայնքի միջազգային կապերը, խթանելու հայկական ջազի հանրահռչակումը աշխարհում և հասանելի դարձնելու հյուրախաղային նոր ուղղություններ ու միջազգային ֆինանսավորման հնարավորություններ։

Միջազգային հյուրերի թվում են Europe Jazz Network-ի տնօրենների խորհրդի անդամ, Ռոտերդամի BIRD փառատոնի երաժշտական ծրագրավորող Ռալուկա Բայկուն, Ֆրանսիայի Երաժշտության ազգային կենտրոնի՝ Centre National de la Musique-ի (CNM) միջազգային նախագծերի ղեկավար Բենժամեն Դեմելեմեստերը, Դուբայի Jass Lounge-ի ծրագրերի և արտիստների ներգրավման պատասխանատու Տոնա Իսիդրոնը և այլք։

Ֆորումի ծրագիրը ներառում է մասնագիտական զեկույց, պանելային քննարկում, կենդանի ջազային կատարումներ և մասնագիտական շփումներ։ Միջոցառմանը Հայկական երաժշտացանց նախաձեռնությունը կներկայացնի արտիստների միջազգային փոխանակման կազմակերպման փուլերը՝ արտիստների պատրաստվածությունից և գործնական ու ֆինանսական խոչընդոտներից մինչև մեկ համերգից սկիզբ առնող երկարաժամկետ համագործակցությունը։

«Միջազգային մշակութային համագործակցություն» թեմայով պանելային քննարկման առանցքում կլինեն փոխանակումներից դեպի հյուրախաղեր անցումը, վիզաների, ճանապարհորդության, լոգիստիկայի և ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու դիվանագիտական աջակցության հնարավորությունները։ 

Ֆորումը կանցկացվի JazzJans փառատոնի առաջին թողարկման շրջանակում, որը նոյեմբերի 19–29-ը կկապի Երևանի և Թբիլիսիի ջազային բեմերը։ Նոյեմբերի 19–22-ը վրացի երաժիշտները ելույթ կունենան Երևանում, իսկ նոյեմբերի 27–29-ը հայ երաժիշտները կհյուրընկալվեն Թբիլիսիում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում