Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկը տրվել է «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի մեկնարկը տրվել է Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլի համերգով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր Զոհրապ Բակալյանը նշել է, որ նախաձեռնությունը կարեւոր է առաջին հերթին հայկական պարարվեստի հարուստ ավանդույթները հայրենիքից դուրս տարածելու առումով։

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում ՌԴ հանդիսատեսին ներկայանալը։ Կրկնակի պատիվ է, որ ծրագրի մեկնարկը տրվել է հենց մեր ելույթով։ Կարծում եմ՝ հրաշալի համերգ ունեցանք՝ դրանով մի կարեւոր քար ավելացնելով մշակութային երկխոսության պատին։ Նման միջոցառումների շարունակականությունն անհրաժեշտ է այն առումով, որ պետական մշակութային կոլեկտիվները ներկայացնում են Հայաստանը հայրենիքից դուրս։ Իսկ մեր անսամբլը վարպետորեն ներկայացնում է ոչ միայն հայկական, այլեւ տարբեր ազգերի, ինչպես նաեւ մոդեռն պարեր։ Համոզված եմ, որ այսօր ներկա յուրաքանչյուր հանդիսատես իր հետ տարավ մեր մշակույթի իր բաժինը»,- ասել է Զոհրապ Բակալյանը։
Անսամբլի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ իրենք եւս հայրենիք են վերադառնում շատ մեծ տպավորություններ ստացած։