Մշակույթ

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

9 րոպեի ընթերցում

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Ֆրանսահայ նշանավոր ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը կարծում է՝ ֆիլմերի միջոցով պետք է նաև ցավի մասին խոսել, սակայն այնպես, որ հնարավոր լինի գոտեպնդել մարդուն, ուժ տալ նրան։ Ավետիքյանը, որը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է և մեծ ու փոքր դերերով հանդես է եկել մի շարք կինոնկարներում, վստահեցնում է՝ որոշ թեմաներ անհրաժեշտ է արծարծել անիմացիոն կինոյի միջոցով։ Հենց այդպես էլ նա արել է՝ շատ տարիներ առաջ ստեղծելով «Կյանքի գիծը», «Մի գեղեցիկ առավոտ», «Շների պատմություն» ֆիլմերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված անիմացիոն կինոնկարներն անդրադառնում են մարդու հանդեպ անարդար, վայրենի վերաբերմունքին, զոմբիացմանն ու անբարո բարքերին, որոնք ստիպում են կորցնել սեփական եսը։

Հայաստանի հանդիսատեսն այդ ֆիլմերը դիտելու հնարավորություն ունեցավ նոյեմբերի 9-ին «Նաիրի» կինոթատրոնում «ՌեԱ» փառատոնի շրջանակում իրականացվող «Կինոխաչմերուկներ-Երևան» ծրագրի բացմանը, որին անձամբ ներկա էր Սերժ Ավետիքյանը։

Ավետիքյանի ծնողները Ֆրանսիայում են հաստատվել Հայոց ցեղասպանությունից հետո։ Հետագայում եկել են Հայաստան, որտեղ էլ 1955 թվականին ծնվել է Սերժ Ավետիքյանը։ Ապագա ռեժիսորը 15 տարեկան է եղել, երբ ծնողները կրկին Ֆրանսիա մեկնելու որոշում են կայացրել։

«Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ։ Ծնվել եմ Ախպարաշենում և շատ լավ գիտեմ, թե ուր եմ եկել։ Ախպարաշենում ամեն ինչ շատ պարզ էր, որովհետև հայրենադարձները Եգիպտոսից էին, Հունաստանից էին, Ռումինիայից էին և այլ երկրներից։ Շատ բան եմ սովորել այնտեղ, ինչպես նաև՝ կինո»,-ասաց Ավետիքյանն ու հավելեց՝ 1960-ականներին Երևանում տասնյակ կինոթատրոններ են եղել։

Ավետիքյանը «Կյանքի գիծը» ֆիլմը նկարահանել է 25 տարի առաջ։

Ֆիլմը հիմնված է նովելի վրա, որի հեղինակն անձամբ է իր գիրքը նվիրել Ավետիքյանին։ Գրքում իրադարձությունները տեղի են ունենում նացիստական Գերմանիայի ճամբարներից մեկում, որտեղ մարդկանց տանջել են։ Ավետիքյանն  անիմացիոն ֆիլմում հստակ չի նշում, թե որտեղ են ծավալվում գործողությունները։ Կարծում է՝ խնդիրը համամարդկային է։ «Այս ֆիլմը նկարչի մասին է, որը փաստում է՝ եթե ձեռքերդ կտրում են, որպեսզի չնկարես, ուրեմն քեզ արգելում են ապրել»,-շեշտեց ռեժիսորը։

«Մի գեղեցիկ առավոտ» ֆիլմի հիմքում ևս նովել է, որը բեսթսելեր է եղել։ Սերժ Ավետիքյանը նշեց՝ ֆիլմն այն մասին է, թե ինչ է լինում, երբ մարդուց խլում են իր սուբյեկտիվությունը, երևակայությունը, և մարդը «թափանցիկ» է դառնում։ Դա էլ ըստ ռեժիսորի՝ ֆաշիզմի գագաթնակետն է։

Ավետիքյանը կարծում է՝ զոմբիացումը կարող է շարունակական լինել, եթե մարդը չի պայքարում իր անհատականության, կյանքի նկատմամբ ունեցած իր հայացքների համար։

Անդրադառնալով «Շների պատմություն» ֆիլմին՝ Ավետիքյանն ասաց, որ այն հիմնված է իրական պատմության վրա։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1910 թվականի Կոստանդնուպոլսում, որի փողոցները լցված են թափառող շներով։ Օսմանյան կայսրությունը որոշում է ազատվել շներից՝ նրանց տեղափոխելով Մարմարա ծովի անմարդաբնակ կղզի։

Մինչ ֆիլմը ստեղծելն Ավետիքյանն Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների մասին գիրք է կարդացել, մարդկանց, որոնք 1910 թվականին եկել են իշխանության և, ինչպես Ավետիքյանն ասաց,  արել են այն, ինչը մենք՝ հայերս, լավ գիտենք։ «Երբ այս ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում, ամբողջ մամուլը գրում էր, որ այն արված է Հայոց ցեղասպանության թեմայով։ Ես կասեի՝ ոչ։ Սա հիմնված է այնպիսի մարդկանց պատմության վրա, որոնք հետագայում մարդկանց հետ անելու էին այն, ինչ արեցին շների հետ՝ «մաքրելով» այն տարածքը, ուր չեն ցանկանում որպեսզի տվյալ մարդիկ վերադառնան, տարածքը, որտեղ այդ մարդիկ երկար տարիներ ապրել են»,-ընդգծեց Ավետիքյանը։

Նրա խոսքով՝ իրականում իր բոլոր ֆիլմերն էլ ֆաշիզմի դեմ են, պայքարի մասին են, ներկայացնում են, թե ինչ է կատարվում թիկունքում, երբ արթուն չես։

«Չեմ կարող ասել, որ ես պայքարում եմ քաղաքական առումով, քանի որ երբեք որևէ կուսակցության չեմ հարել, բայց գիտեմ, որ այն սյուժեները, որոնք իմ ֆիլմերում են, անհրաժեշտ են, քանի որ պետք է խոսել այն վտանգների մասին, որոնք մեր առջևում են, մեր հետևում են, մեր կողքին են։ Եթե մենք չկարողանանք դիմադրել, այդ ամենը մեզ ճնշելու է»,-շեշտեց Սերժ Ավետիքյանը։

Ռեժիսորի հետ հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանի կինոյի հիմնադրամը, որի տնօրեն Դավիթ Բանուչյանն ընդգծեց՝ Ավետիքյանը հայկական կինոյի դեսպանն է Ֆրանսիայում։ «Հաճախ են ինձ պատմում, որ մեկնել են Փարիզ, զանգել են Սերժին ու խնդրել այս կամ այն հանդիպումը կազմակերպել և այլն։ Սերժը տարիներ շարունակ հայկական կինոյի դեսպանն է եղել Ֆրանսիայում, որովհետև բոլորին փորձել է ինչ-որ կերպ օգնել։ Նա Փարիզում կազմակերպել է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ցուցադրությունը, նրա ֆիլմերի վերականգնմանն է աջակցել։ Երբ Փարաջանովն է մեկնել Փարիզ, կրկին Ավետիքյանն է նրան դիմավորել, միասին Փարիզի «Պոմպիդու» կենտրոն են այցելել և այլն։ Կարծում եմ՝ դեռ ամբողջությամբ չենք կարդացել «Սերժ Ավետիքյան գիրքը»»,-նշեց Բանուչյանը։

Ավետիքյանն այժմ աշխատում է նոր ֆիլմի նախագծի վրա, որի պրոդյուսերն ի սկզբանե Բանուչյանն է եղել, որը Կինոյի հիմնադրամի տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո տիպված է եղել դուրս գալ նախագծից։ Շատ ուրախ է, որ Ավետիքյանը շարունակում է իրագործել ֆիլմի գաղափարն ու վստահ է, որ հրաշալի կինոնկար է ստացվելու։

Կրկին ու կրկին շնորհակալություն հայտնելով Ավետիքյանին իր կատարած հսկայական աշխատանքի համար՝ Դավիթ Բանուչյանը նրան «Կոմիտաս» մեդալ նվիրեց։

«ՌեԱ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին հիշեց Պարույր Սևակի «Սարդարապատ» պոեմից «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար» հայտնի տողերը՝ նշելով, որ գուցե Ավետիքյանն անիմատոր չէ, սակայն ունի մի քանի ֆիլմ, որոնց շնորհիվ ներդրում է ունեցել հայկական անիմացիայում։ Քասունին հիշեցրեց, որ 2010 թվականին Ավետիքյանի «Շների պատմություն» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է ոսկե արմավենու ճյուղի։

«Ինձ համար շատ հետաքրքիր է նաև Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը, որը պիքսելային անիմացիայի տարրեր ունի։ Առաջին հայացքից այն ոչ մի կապ չունի անիմացիայի հետ, սակայն շատ հետաքրքիր ու ժամանակակից մոտեցում կա այդ ֆիլմում»,-ասաց Քասունին՝ նշելով, որ անիմացիոն նոր ֆիլմեր է ակնկալում Ավետիքյանից։

Սերժ Ավետիքյանը, որպես պրոդյուսեր և դերասան, համագործակցել է ռեժիսոր, սցենարիստ Միքայել Դովլաթյանի հետ, լավ ընկերներ են։ Ըստ Դովլաթյանի՝ թե՛ այն ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Ավետիքյանը, թե՛ այն կինոնկարները, որոնք ինքն է նկարահանել, հավերժ պրոբլեմների մասին են։ «Նրա «Շների պատմությունը» ֆաշիզմի մասին է, որն այսօր ամեն տեղ ծաղկում է, «Լաբիրինթոս»-ը մարդու երկվածության մասին է։ Այդ խնդիրն այսօր շատ է տանջում մտածող մարդուն»,-ասաց Դովլաթյանն ու երեք բառով բնութագրեց Ավետիքյանին՝ փոթորիկ, սնդիկ և գաղափարների լոկոմոտիվ։ 

«ՌեԱ» փառատոնի շրջանակում Ավետիքյանի կինոարվեստի երկրպագուները նոյեմբերի 10-ին հնարավորություն կունենան դիտել ռեժիսորի «Վերադարձ Սոլոզ» (Back to Sölöz), նոյեմբերի 12-ին՝ «Նա, ում սպասում էին» (Lost in Armenia), նոյեմբերի 13-ին՝ «Փարաջանովի սկանդալը» (Paradjanov) ֆիլմերը։

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Ավետիքյանը նշել էր, որ իր անիմացիոն ֆիլմերն էապես տարբերվում են այն կինոնկարներից, որոնք ցուցադրվում են «ՌեԱ» փառատոնի շրջանակում, որովհետև իր ֆիլմերը գեղարվեստանկարի միջոցով են անիմացիոն:

Փառատոնի բացմանն Ավետիքյանը «ՌեԱ» մրցանակի արժանացավ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում