«ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները
4 րոպեի ընթերցում

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 20-21-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում՝ ճամբարային ձևաչափով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հիշեցնելով, որ Մրցաշարի մարզային և Երևանի քաղաքային փուլերն անցկացվել են հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը։ Այս տարի մրցաշարին մասնակցել է 1479 աշակերտ, որոնցից 865-ը՝ ՀՀ մարզերից, իսկ 614-ը՝ Երևանի վարչական շրջաններից։
Առավել մեծ մասնակցություն է գրանցվել Լոռու մարզում՝ 186 աշակերտ։ Մասնակիցների թվով հաջորդում են Արմավիրի մարզը՝ 125, Գեղարքունիքը՝ 103 և Սյունիքը՝ 100 աշակերտով։
Երևանից մասնակիցների ամենամեծ թիվը գրանցվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 146 աշակերտ։ Ակտիվ մասնակցությամբ առանձնացել են նաև Նոր Նորքը՝ 111 և Մալաթիա-Սեբաստիան՝ 92 աշակերտով։
Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբով. առաջին խմբում ընդգրկված են 4-7-րդ դասարանների՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտները, իսկ երկրորդում՝ 8-12-րդ դասարանների՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտները։
Եզրափակիչ փուլում ուժերը կչափեն ՀՀ մարզերի հավաքական թիմերը և Երևանի քաղաքային փուլում հաղթող ճանաչված վարչական շրջանների թիմերը։ Յուրաքանչյուր տարիքային խմբում թիմերը կազմված կլինեն 8 մասնակցից՝ 4 աղջիկ և 4 տղա։ Առաջին տարիքային խմբի մասնակիցները կմրցեն 8×50 մետր, իսկ երկրորդ տարիքային խմբի մասնակիցները՝ 8×100 մետր փոխանցումալողում՝ ազատ ոճով և խառը կազմով։
Եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, հուշանվերներով և դրամական պարգևներով։
Առաջին տեղը զբաղեցրած թիմին նախատեսված է 4 միլիոն դրամ, երկրորդ տեղին՝ 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղին՝ 1 միլիոն 500 հազար դրամ մրցանակ։ Թիմերին հատկացվող դրամական պարգևները համամասնորեն կբաշխվեն հավաքական թիմերի անդամների դպրոցների միջև՝ մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով։
Դրամական պարգևներ են նախատեսված նաև մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների համար։ Առաջին տեղը զբաղեցրած թիմի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 150 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 100 հազարական դրամ, իսկ երրորդ տեղը՝ 75 հազարական դրամ։
Կպարգևատրվեն նաև մրցանակակիր թիմերի պատասխանատուները՝ մարզիչները կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի ուսուցիչները կստանան համապատասխանաբար 150 հազար, 100 հազար և 75 հազար դրամ: Նշված դրամական պարգևների չափերում ներառված չեն հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համագործակցելով Լողի հայկական դաշնության հետ։
Մրցաշարի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը, ֆիզիկական ակտիվությունը և լող մարզաձևի մասսայականացումը։