«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն
2 րոպեի ընթերցում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 10-ի առավոտյան մահացել է Արսեն Գևորգյանը, որը հոկտեմբերի 25-ի Ստեփանավանի ավագանու ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980 թ. ծնված կալանավորված անձի համար կանչվել է շտապօգնություն ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Ժամը 08։30-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»,- ասել է Նավիկյանը։
Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 14 անձ։
Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մի քանի տասնյակ ընտրողի գումար էր տվել «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով։Գևորգյանը չէր ընդունում մեղադրանքը։