Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Մարտի 1-ի գործի ընթացքի մասին
2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական վարույթի ընթացքին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նահապետյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 18-ի վճռից հետո ձևավորվել է քննչական խումբ, իրականացվել են մեծածավալ ապացուցողական և վարույթային այլ գործողություններ։
«Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են ներկայացվել նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց։ Հաշվետու ժամանակահատվածում հիմնական վարույթից անջատվել և 10 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 քրեական վարույթ։ Եվս 11 մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։ Կոմիտեն հետևողականորեն շարունակելու է աշխատանքը՝ ապահովելու գործի ամբողջական և անաչառ քննությունը։ Բոլոր հանգամանքներին պետք է տրվի պատշաճ իրավական գնահատական։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության հանգամանքների բացահայտումը, խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված աշխատանքը, տեղի ունեցածին համարժեք իրավական գնահատական տալը պետական պատասխանատվության հարցեր են»,- ասել է Արթուր Նահապետյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին հրապարակած վճռով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) արձանագրել էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը խախտել է զոհվածների կյանքի իրավունքը։ ՄԻԵԴ վճռով արձանագրվել էր, որ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս զոհերի դեպքում պետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։ Դատարանը նշել էր նաև, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել ամբողջական քննություն զոհերի մահվան հանգամանքները պարզելու համար, ինչի հետևանքով խախտվել է կոնվենցիայի նաև 38-րդ հոդվածը։