Հայաստան

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով

3 րոպեի ընթերցում

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով

«Հետք» լրատվական կայքում Ջրվեժի աղբավայրի վերաբերյալ հրապարակված նյութերի, պետական գերատեսչություններից ստացված գրությունների և քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Անկոլո» ՍՊԸ-ի շահագործած Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք կոպիտ խախտումներ։

«Արմենպրես»,-ի փոխանցմամաբ՝ այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից, մանրամասնելով, որ «Անկոլո» ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի հետ կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա շահագործում է համայնքային սեփականություն հանդիսացող՝ համապատասխանաբար 1հա և 2հա մակերեսներով հողատարածքներ։

Ընկերությունը 1հա մակերեսով հողատարածքում, կոմունալ ենթակառուցվածքների (աղբավայրի) կազմակերպման նպատակով, իրականացրել է աղբի հարթեցման և թաղման աշխատանքներ՝ առանց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստացված փորձաքննական դրական եզրակացության։

Ընկերությունը 2հա մակերեսով մյուս հողատարածքի շահագործման համար նախկինում տրված փորձաքննական դրական եզրակացության պահանջները կատարել է ոչ ամբողջությամբ․

  • Թափոնների ընդունմանը զուգահեռ դրանց անմիջական սեղմման և 0,25 մետր հաստությամբ մեկուսիչ հողի շերտով ծածկման գործընթացն իրականացվել է մասնակի։
  • Աղբավայրի տարածքում չեն նախատեսվել անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ, ինչպես նաև չի ապահովվել լվացող սարքավորումների շահագործումը։

Ընկերությունը սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել վտանգավոր թափոնների վերաբերյալ «Ձև N 1-թափոն (տարեկան)» հաշվետվությունը։

Ստուգմամբ պարզվել է, որ Ջրվեժ գյուղի վարչական սահմաններում գտնվող 1,404 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը լցված և հարթեցված է աղբով, ինչի հետևանքով վնաս է պատճառվել հողային ռեսուրսներին։

Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու փաստով Ընկերության նկատմամբ կայացվել է գործողությունը կասեցնելու որոշում։

Որոշման կատարումն ապահովելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 5,430,000 ՀՀ դրամի չափով։                   

Ներկայացվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ՝ 26,535 ՀՀ դրամի չափով։

Արձանագրված խախտումները սահմանված ժամկետում վերացնելու նպատակով Ընկերությանը տրվել է պարտադիր կատարման հանձնարարական։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում