Հայաստան

Կոռուպցիայի կանխարգելումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Կոռուպցիայի կանխարգելումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է. Նիկոլ Փաշինյան

Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը Հայաստանի Հանրապետության համար բացարձակ առաջնահերթություն է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝շնորհավորելով  կոմիտեի աշխատակիցներին հոբելյանի առթիվ և շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար։

Նրա խոսքով՝ Հայաստանում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունն ավելի ու ավելի նկատելի է դառնում, ինչը, սակայն, չպետք է ընկալել որպես կոռուպցիայի ծավալների աճ։ «Կոռուպցիան դասվում է լատենտային հանցագործությունների շարքին։ Դրա բացահայտումների մասին ավելի հաճախ տեղեկատվություն ստանալը չի նշանակում, որ կոռուպցիայի ծավալներն աճում են։ Մեծ է հավանականությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումների սկզբունքայնությունն է մեծանում»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2021 թվականին՝ երկրի համար բարդ ժամանակաշրջանում, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման որոշումը կարևոր քայլ էր և վկայում էր այս ոլորտում Կառավարության սկզբունքային մոտեցման մասին։

«Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և մեզ համար սա սկզբունքային խնդիր է »,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ 2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի համեմատ աճել են 135 տոկոսով՝ ավելի քան կրկնապատկվելով։

Նա վստահեցրել է, որ  առանց հակակոռուպցիոն քաղաքականության հնարավոր չէր լինի նման ցուցանիշներ արձանագրել։

«Կառավարության առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ ուղղությամբ իրականացվում են լայնածավալ քայլեր։ Միաժամանակ, կոռուպցիոն ռիսկերը հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել, ուստի կարևոր է նաև արդեն իսկ արձանագրված դեպքերի բացահայտումը, դրանց իրավական գնահատական տալը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը»,-նշել է Փաշինյանը։

Նա կարևորել է  նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանման առկայությունը, որը  կոմիտեի ստեղծման առաջին իսկ օրվանից հնարավորություն է տվել ապահովել կառույցի ինքնաբավ գործունեությունը։

«Այսօր կոմիտեն հնարավորություն ունի առավելագույնս կենտրոնացած մնալ իր գործառույթների վրա և իր աշխատանքի արդյունավետությունն ապահովելու ու հետագա գործունեությունը կազմակերպելու հարցում նվազագույն կախվածություն ունենալ այլ մարմիններից»,- հավելել է վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում