Իրավունք

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ. նա ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի համայնքապետի թեկնածուն մեղադրվում է ընտրողներին կաշառք բաժանելու մեջ. նա ձերբակալվել է

Ստեփանավանի տեղական ինքնակառավարման ընտրություններում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը մեղադրվում է ընտրություններին ընդառաջ ընտրողներին ընտրակաշառք տալու մեջ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և ընտրության ժամանակ հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների, ինչպես նաև կուսակցության անունից հանդես եկող անձանց օժանդակությամբ, նույն համայնքում ընդգրկված տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն թեկնածուն հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ավագանու անդամի թեկնածուների օժանդակությամբ յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարներն առանձնացնելու, նշումներ կատարելու և ցուցակներ կազմելու եղանակով նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես։

Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ վարույթի շրջանակներում Ստեփանավան համայնքում անցկացվել են խուզարկություններ, կա 14 ձերբակալված։

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտնել է, որ ձերբակալվածների թվում է նաև Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում