Իրավունք

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

4 րոպեի ընթերցում

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

«Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դ. Տ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Դ. Տ.-ն Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով մատակարարման ենթակա 18.000 կոշտ բալիստիկ ներդիրները տեխնիկական բնութագրի համեմատ տարբերություն ունենալու պայմաններում, առանց բավարար հիմքերի, առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու, համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել որակյալ չհամարվող վերը նշված ապրանքը, որը 2020 թվականի հուլիսի 20-ին մատակարարվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչությանը:

Նախկին պաշտոնատար անձի հանցավոր արարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերին հատկացվել են պայմանագրի տեխնիկական բնութագրից տարբերվող և որակյալ չհամարվող 18.000 կոշտ բալիստիկ ներդիրներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20.268.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դ. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրան օժանդակած պաշտոնատար անձին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 20.268.000 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մեղադրանքը վերաբերում է 2020թ. զինված ուժերի համար զրահաբաճկոնների բալիստիկ ներդիրներ ընդունելու մասին որոշմանը, որը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա։

Նախաքննական մարմնի նշանակած համալիր փորձաքննությունը հաստատել է, որ ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը։

Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Պաշտպանությունը համոզված է, որ գործի նյութերը ոչ միայն չեն հիմնավորում մեղադրանքը, այլև հերքում են այն։ Դա կապացուցվի դատաքննության ընթացքում՝ ապացույցների հրապարակային հետազոտմամբ։

Դավիթ Տոնոյանին ներկայացված մեղադրանքի անհիմնության մեջ դույզն-ինչ կասկածող բոլոր անձանց հրավիրում ենք Հակակոռուպցիոն դատարան՝ դատական նիստերին ներկա գտնվելու։

Առաջին դատալսման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին հարգել անմեղության կանխավարկածը»։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում