«Մոնթե» ֆիլմն արդեն երևանյան մեծ էկրաններին է. կայացավ կինոնկարի պրեմիերան
5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի մասին պատմող «Մոնթե» ֆիլմը նոյեմբերի 25-ին բարձրացավ մեծ էկրան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ «Կինոմոսկվա»-ում, ամբողջությամբ հիմնված է իրական փաստերի վրա։
Այն անդրադառնում է Մոնթե Մելքոնյանի կյանքի հետաքրքիր դրվագներին և շատերի համար նորովի է բացահայտում այդ էջերը։
Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը, որն ավելի վաղ հանրության դատին էր հանձնել «Վազգեն. վերջին սպարապետը» կինոնկարը։
Ընկերության հիմնադիր Նոնո Սարգսյանը մեծ շնորհակալություն հայտնեց բոլոր անհատներին և կազմակերպություններին, որոնց աջակցությամբ կարողացել են կյանքի կոչել իրենց նախաձեռնությունն ու հավելեց՝ շատ խոչընդոտներ են հաղթահարել, սակայն արդյունքի հասնել են։
Սարգսյանը կարծում է՝ իդեալական մարդիկ, իդեալական կերպարներ չկան, սակայն իրենք ցանկանում են սերունդներին հերոսների թողնել, չներկայացնել կերպարների՝ իրենց բոլոր թերություններով։ «Այո՛, կան բաներ, որոնց մասին պետք է լռել։ Ֆիլմում տեսնում ենք մանուկ Մոնթեին, որն ապրում է ԱՄՆ-ում, մեծանում մի ընտանիքում, որտեղ հայրենասիրական մթնոլորտն ակնհայտ չէ, տղայի, որը հայերեն է սովորում դպրոցական տարիներին։ Երբ ծնողները հայերեն են խոսել, դա Մոնթեի համար օտար լեզու է եղել։ Ինչ-որ պահի նրա մեջ ասես գենը ժայթքել է»,-ավելի վաղ նշել էր Նոնո Սարգսյանն ու հավելել՝ հերոսների մասին ֆիլմեր է նկարահանում իր երեխայի համար։
Ֆիլմի ռեժիսորը Սուրեն Սաֆարյանն է, որը «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի երկրորդ ռեժիսորն է եղել։ Նրան հաջողվել է լավ հարաբերություններ կառուցել Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Մելքոնյանի հետ, ինչի արդյունքում արդյունավետ համագործակցություն է ստացվել։ Սեդա Մելքոնյանը ստեղծագործական խմբին օգնել է մշակել ֆիլմի սցենարը։
Աղբյուրները տարբեր են՝ նամակներ, փաստագրական այլ նյութեր, Մոնթեի գրվածքները, ինքնաքննադատական նյութեր և այլն։ Ռեժիսորը հիշեցնում է՝ Մոնթե Մելքոնյանի մասին բազմաթիվ լեգենդներ կան, սակայն իրենք միայն փաստերն են ներկայացրել՝ գեղարվեստական փաթեթավորմամբ։
Մոնթե Մելքոնյանի դերակատարը Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Վլադիմիր Մսրյանն է, Սեդայի դերակատարը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հռիփսիմե Նահապետյանը։ Նրանք ընտրվել են քասթինգի միջոցով։
Դերը կերտելու համար Վլադիմիր Մսրյանն ուսումնասիրել է Մոնթե Մելքոնյանի մասին առկա նյութերը, գրականությունը։
Դերասանի համար Մոնթե Մելքոնյանը հերոս է եղել թե՛ կնոջ կողքին, թե՛ մարտի դաշտում։ Ըստ նրա՝ իր կյանքը փոխվել է ֆիլմից հետո, քանի որ փորձել է հասկանալ Մոնթե Մելքոնյանի մտածողությունը, աշխարհայացքը, հոգեբանությունը։ «Բացարձակ արժեքներ ունեցող մարդուն խորն ուսումնասիրելուց հետո չես կարող չփոխել հայացքներդ, չեն կարող չփոխվել հայրենասիրության չափն ու տեսակը»,-ասում էՄսրյանը։
Ըստ նրա՝ մշակույթը սուբյեկտիվ երևույթ է և հնարավոր չէ, որ բոլորը նույն կերպ ընկալեն ֆիլմը, սակայն գաղափարը, որի շուրջ «Գենետիկ» ընկերությունը համախմբում է ստեղծագործական անձնակազմին և ոչ միայն, ազգանվեր, ազգային գաղափարախոսությունը վերականգնելուն և ամրապնդելուն ուղղված գործ է։
Սեդա Մելքոնյանի դերակատարի՝ Հռիփսիմե Նհապետյանի համար Մոնթե Մելքոնյանն արդար հայ է, հայրենասեր մարդ, որի պակասն այսօր զգացվում է։
Խորեն Լևոնյանը, որը «Վազգեն, վերջին սպարապետը» ֆիլմում մարմնավորում էր Վազգեն Սարգսյանին, «Մոնթե» կինոնկարում ևս հանդես է գալիս նրա դերում։
Նա խոստովանեց՝ մեծ հաճույքով է վերադարձել Վազգեն Սարգսյանի կերպարին։ Ըստ նրա՝ անհրաժշտ է շատ ֆիլմեր նկարել զինվորների, սպայական անձնակազմի, գնդապետների, գեներալների, այն մարդկանց մասին, որոնք պաշտպանել են իրենց երկիրը։
Ֆիլմի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է, բեմադրող օպերատորն է Սուրեն Սաֆարյանը, կոմպոզիտորը Մարտին Միրզոյանն է, նկարիչներ՝ Մաքսիմ Հակոբյան և Տիգրան Սարգսյան։ Ֆիլմի գծային պրոդյուսերն է Նարեկ Սողոյանը, պաստառի հեղինակն Արվին Քոչարյանն է։