Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

3 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը կարևորում է ԱՄԷ գործընկերների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման գործում

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի զարգացման Հայաստանի կառավարության նախաձեռնություններում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը թեմային անդրադարձել է նոյեմբերի 25-ին Երևանում՝ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված կառավարության ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ԹՐԻՓՓ նախագիծը, նոր հնարավորություններ են ստեղծում հաղորդակցությունների ապաշրջափակման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման համար։ Վստահ ենք, որ այս գործընթացներում կարող են կարևոր դերակատարում ունենալ նաև մեր էմիրաթցի գործընկերները»,– նշել է Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է երկկողմ առևտրի կառուցվածքի ընդլայնմամբ և երկու երկրների տնտեսական հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործմամբ։

«Մեր առաջնահերթություններից է ոչ միայն պահպանել երկկողմ առևտրի դրական դինամիկան, այլև ընդլայնել դրա կառուցվածքը՝ արդյունավետորեն օգտագործելով Հայաստանի արտադրական և արտահանման ներուժը և ԱՄԷ-ի՝ որպես միջազգային առևտրի, լոգիստիկայի և ներդրումների կարևոր կենտրոնի հնարավորությունները»,– ընդգծել է նախարարը։

Պապոյանը նաև կարևորել է ԵԱՏՄ-ի ու դրա անդամ պետությունների և ԱՄԷ-ի միջև 2025 թվականին կնքված համաձայնագիրը՝ այն դիտարկելով որպես փոխադարձ առևտրի ընդլայնման, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և գործարար կապերի խորացման հնարավորություն։

Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ Մուլլան իր ելույթում նույնպես ընդգծել է Հայաստանի հետ տնտեսական գործընկերությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

«Մենք՝ Էմիրություններում, ձգտում ենք ընդլայնել Հայաստանի հետ տնտեսական գործընկերությունը և արդյունավետորեն օգտագործել մեր երկու երկրների տնտեսությունների մրցակցային առավելությունները։ Դա կնպաստի երկուստեք կայուն աճին և կխորացնի համագործակցությունն ապագայի համար առանցքային ոլորտներում՝ համաքայլ ընթանալով համաշխարհային տնտեսական փոփոխություններին։ Մեր նպատակն է ապահովել մեր երկու ժողովուրդների առաջընթացն ու բարգավաճումը՝ ի բարօրություն բոլորի։ Մենք ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ տարբեր բնագավառներում համագործակցության ավելի լայն հեռանկարներ բացելու համար»,– նշել է դեսպանը։

Նա համագործակցության առաջնահերթ ուղղությունների թվում առանձնացրել է անվտանգության և քաղաքականության, ներդրումների, զարգացման ու պարենային անվտանգության ոլորտները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում