Հայաստանը նպատակ ունի ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը բոլոր հիմնական շուկաներ. Գևորգ Պապոյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի նպատակն է 2027 թվականին ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ, ԵԱՏՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հնդկաստան և այլ շուկաներ։
«Չկա որևէ տնտեսական գոտի՝ սկսած մեր անմիջական հարևաններից, որտեղ արտահանման ծավալներն ավելացնելու նպատակ չունենանք։ Իմ նպատակը՝ որպես ՀՀ էկոնոմիկայի նախարար, Հայաստանի արտահանման ծավալներն ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ և Մերձավոր Արևելքի շուկաներում։ Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով։ Մենք ուզում ենք ավելի շատ վաճառել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ հայկական արտադրանքը պետք է համապատասխանի որակի պահանջներին՝ անկախ իրացման շուկայից։ «Իսկ ո՞վ է ասել, որ մենք պետք է լավ ապրանքներն արտադրենք եվրոպացիների, ռուսների, արաբական և չինական շուկաների համար, իսկ այն, ինչ կմնա, բաժին հասնի հայկական շուկային։ Հայկական շուկան արդեն բավական վճարունակ է, մեր ժողովրդի՝ արտադրանքին ներկայացվող պահանջները շատ բարձր են։ Այնպես չէ, որ այն, ինչը չի վաճառվում եվրոպական շուկայում, կարող ենք իրացնել հայկական շուկայում։ Շուտով ներդնելու ենք հետագծելիության և որակի վերահսկողության համակարգեր, որպեսզի մենք ինքներս վերահսկենք և թույլ չտանք անորակ ապրանքների վաճառքը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ պետական աջակցության ծրագրերը նախատեսված են բոլոր տնտեսվարողների համար, և նրանց մեծ մասն օգտվում է այդ հնարավորություններից։ «Տասնյակ ընկերություններ հայկական ծաղիկ են արտահանում Եվրամիություն։ Կան նաև ընկերություններ, որոնք չեն արտահանում, և դրա պատճառն այն է, որ այդ ծաղիկները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին»,- նշել է Պապոյանը։