Տնտեսություն

Կապիտալ ծախսեր իրականացնելու կարողություններն էապես զարգացել են․ Վահե Հովհաննիսյան

3 րոպեի ընթերցում

Կապիտալ ծախսեր իրականացնելու կարողություններն էապես զարգացել են․ Վահե Հովհաննիսյան

Ազգային ժողովում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումները նպաստել են կապիտալ ծախսեր իրականացնելու կարողությունների զարգացմանը և տնտեսական աճի սպասարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նոյեմբերի 18-ին 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցին։

Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ինչ նկատի ունի նախարարը բեկումնային ֆինանսական համակարգ ձևակերպմամբ։ Պատգամավորը նշել է, որ ֆինանսավորման մեջ շարունակում է գերակշռել բանկային կապիտալը, իսկ տնտեսության կառուցվածքում, իր գնահատմամբ, էական փոփոխություններ չեն արձանագրվել։

Հովհաննիսյանը պարզաբանել է, որ իր խոսքը վերաբերել է զարգացմանը ծառայող համակարգերի ստեղծմանը։

«Իմ ասած արտահայտությունը վերաբերում էր ֆինանսական համակարգեր ստեղծելուն, որոնք պիտի սպասարկեն բեկումնային զարգացումը։ Դա վերաբերում էր իմ ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականություններին և այն համակարգերին, որոնք մենք ստեղծում ենք»,-ասել է նախարարը։

Նա առանձնացրել է կապիտալ ծախսեր իրականացնելու կարողությունը՝ ընդգծելով, որ ֆինանսական միջոցների առկայությունն ինքնին բավարար չէ ծրագրերն իրականացնելու համար։

«Դա միայն փող ունենալու հարց չէ։ Ինչպես դուք քաջատեղյակ եք, եղել են դեպքեր, երբ գումար հատկացրել ենք ինչ-որ կապիտալ ծախս անելու համար, բայց այդ կապիտալ ծախսերը չեն արվել կամ չեն արվել այն արագությամբ, որը մենք ուզել ենք։ Բայց մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ, թե մեր կողմից կատարվող կապիտալ ծախսերն ինչպես են աճում, և տեսնում ենք, որ այդ կարողություններն էապես զարգացել են»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Արձագանքելով՝ Խաչատրյանը նշել է, որ հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական համակարգի վերաբերյալ հասկացությունները պետք է տարբերակել։ Նա նաև պնդել է, որ վերջին տարիների բարձր տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին դրական գործոններով, որոնցից կառավարությունը չի կարողացել բավարար չափով օգտվել՝ տնտեսության ներուժը մեծացնելու համար։

«Մենք առնվազն երեք տարի ունեցել ենք արտածին դրական ազդեցության հետևանքով բավականին մեծ տնտեսական աճ։ Կրկնում եմ՝ արտածին։ Եվ ձեր կառավարությունը չի կարողացել օգտվել այդ ժամանակավոր առավելությունից և մեծացնել պետության տնտեսական պոտենցիալը»,-ասել է պատգամավորը։

Նախարարը չի համաձայնել տնտեսական ներուժի վերաբերյալ Խաչատրյանի գնահատականին՝ պնդելով, որ պոտենցիալ աճի ցուցանիշը բարձրացել է։

«Մեր պոտենցիալը չի եղել 5-5,5 տոկոս, եղել է 4-4,5 տոկոս, հիմա է դարձել 5-5,5 տոկոս։ Հիմա էլ 5,5 տոկոսից մի քիչ ավելի է»,-նշել է Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ կառավարությունն արտաքին գործոնների ազդեցության մասին խոսել է սկզբից, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև տնտեսության ներսում ստեղծված կարողություններն ու կուտակված փորձը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում